Վրաստանի խոշոր ավտովթարում 3 հայ զոհ կա (տեսանյութ)
Երեկ` հուլիսի 17-ին Վրաստանի տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվածների մեջ երեք հայ կա: Այդ մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` նշելով, որ նրանք Վրաստանի քաղաքացիներ էին:
Զոհվել են 30-ամյա Նաիրա Թումասյանը, 27-ամյա Զինավոր Ֆյոդորովը եւ 4-ամյա Զիմա Ֆյոդորովը:
Հիշեցնենք, որ երեկ Ախալքալաք-Բաթում մայրուղում, Բարդուբան գյուղի մոտ խոշոր ավտովթար էր եղել: Մարդատար մեքենայի հետ բախման հետեւանքով, «Օփել» մակնիշի ուղեւորատար միկրոավտոբուսն այրվել էր, ինչի հետեւանքով վեց ուղեւոր եւ վարորդը մահացել էին։
Եւս հինգ հոգի տեղափոխվել է Քութայիսիի շրջանային հիվանդանոց:
Տուժածներից 4-ի վիճակը կայուն է: Մեկ ուղեւորի վիճակը գնահատվում է խիստ ծանր։ Հայտնի է, որ միկրոավտոբուսը եղել է ներքին երթուղու, եւ ուղեւորները զբոսաշրջիկներ չեն եղել։ Այդ երթուղով Ջավախքից քաղաքացիները ուղեւորվում են դեպի Աջարիա՝ Բաթում։