Մարդկանց աճող դժգոհությունը առողջապահական ոլորտից վեր է ածվում ագրեսիայի

Հայաստանի առողջապահական համակարգում լայնածավալ բարեփոխումների կարիք կա, քանի որ մարդկանց օրեցօր աճող դժգոհությունը ոլորտից առավել հաճախ վեր է ածվում ագրեսիայի հիվանդների հետ անմիջական շփման մեջ գտնվող բժիշկների հանդեպ։ Այս մասին Հայաստանի  նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակում նշել են Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության 4-րդ համագումարի պատվիրակները։ Նամակում մասնավորապես նշվում է.

“Հերթական համագումարի պատվիրակները, ներկայացնելով ճյուղի ավելի քան քսան հազար աշխատողների շահերը, լուրջ մտահոգություն են հայտնում առողջապահության ոլորտում ստեղծված ներկայիս իրավիճակի կապակցությամբ: Վերջին տարիներին տագնապալի չափերի են հասնում բժիշկների  նկատմամբ բռնության դեպքերը: Մասնագիտական պարտականությունները կատարելիս  բուժաշխատողներն “արժանանում են” վիրավորանքների, ենթարկվում ծեծի, իսկ Գյումրիում շտապ օգնության բժշկի այցն ավարտվեց վերջինիս մահով: Համագումարի պատվիրակները խիստ դատապարտում են նաեւ հունիսի 17-ին ՙՀարսնաքար՚ ռեստորանում ռազմական բժիշկներին դաժան ծեծի ենթարկելու դեպքը, որը դարձավ  Վահե Ավետյանի մահվան պատճառ:

Համագումարի մասնակիցները գտնում են, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է նախ եւ առաջ առողջապահության ոլորտում առկա խորը համակարգային խնդիրներով: Առ այսօր բոլոր իրականացվող բարեփոխումները, այդ թվում` համավճարային նոր համակարգի ներդրումը, չեն լուծում ամենակարեւոր` բնակչության լայն շերտերի համար բժշկական ծառայությունների հասանելիության խնդիրը:

Մարդկանց օրեցօր աճող դժգոհությունը ոլորտից առավել հաճախ վեր է ածվում ագրեսիայի հիվանդների հետ անմիջական շփման մեջ գտնվող բժիշկների հանդեպ:

Գոյություն ունեցող հիմնախնդիրները շարունակ կխորանան, քանի դեռ  պետության կողմից առողջապահության` որպես ազգի անվտանգության կարեւորագույն ինստիտուտի, ֆինանսավորման մակարդակը շարունակում է մնալ ընդամենը ՀՆԱ-ի 1,5 %-ի սահմանում, քանի դեռ ճյուղում պահպանվում է կանխիկ, ֆորմալ կամ ոչ ֆորմալ վճարումներ կատարելու անհրաժեշտությունը բուժսպասարկում ստանալու պահին, հատկապես բուժծառայությունների գների զգալի աճի պայմաններում, քանի դեռ չի գործում պարտադիր բժշկական ապահովագրությունը` որպես քաղաքացիների սոցիալական պաշտպանության համակարգ, քանի դեռ  օրենսդրական մակարդակով կանոնակարգված չեն “հիվանդ եւ նրա հարազատներ – բուժաշխատող”  հարաբերությունները, հստակեցված չեն նրանց իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվությունները:

Համագումարի պատվիրակները հույս են հայտնում, որ Դուք` որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության երաշխավոր, կդրսեւորեք քաղաքական կամք եւ կձեռնարկեք անհետաձգելի միջոցներ` ապահովելու որակյալ եւ մատչելի բժշկական օգնություն ստանալու յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքը եւ բուժաշխատողների աշխատանքի անվտանգության իրավունքը”։

Տեսանյութեր

Լրահոս