
Սանիտարական վատ վիճակի պատճառով երթուղիներից 20 մեքենա է հանվել

Երեւանի քաղաքապետարանում շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրասպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ: Խորհրդակցության ժամանակ տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ արտաքին եւ ներքին սանիտարական ոչ պատշաճ վիճակի պատճառով երթուղիներից դուրս է բերվել թվով 20 մեքենա: Զեկուցվել է նաեւ, որ զուգահեռաբար ընթացքի մեջ է Երեւանի ներքաղաքային ավտոբուսային եւ միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Նախորդ շաբաթ կայացել է 2 մրցույթ, որին մասնակցել են 11 երթուղիներ:
Զեկուցվել է, որ հասարակական տրանսպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգերի տեղադրման ուղղությամբ արդեն մշակվել է տեխնիկական առաջադրանք եւ առաջիկայում կգործարկվի պիլոտային ծրագիրը:
Զեկուցվել է նաեւ, որ վարչական շրջանների 2012 թվականի զարգացման ծրագրերով նախատեսված եւ շարունակվող ասֆալտբետոնե ծածկույթների վերականգնման աշխատանքների մեծ մասն ավարտված է:
Քաղաքապետը եւս մեկ անգամ հանձնարարել է խիստ հսկողության տակ պահել որակի ապահովումն ու ժամկետների պահպանումը:
Զեկուցվել է, որ կանգառագոտիների վերանորոգման եւ փողոցների գծանշման նպատակով ասֆալտապատման աշխատանքների ավարտից հետո գծանշման ենթակա փողոցների ցանկն անմիջապես տրամադրվում է համապատասխան կառույցներին` վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու համար: Հանձնարարվել է գծանշումները կազմակերպել հնարավորինս սեղմ ժամկետում, որպեսզի ապահովվի անվտանգ երթեւեկ ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտների համար: