Վաշաձե. Հայաստանը կկարողանա ապրել առանց Ռուսաստանի հետ երկաթուղային կապի
Օրերս այցով Հայաստանում էր Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, ով Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկեց երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Սակայն մինչ Երևան ժամանելը Վաշաձեն հարցազրույց է տվել ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանին, որից ռուսական «Ռեգնում» գործակալությունը մի շարք կարևոր ու մեզ համար ուշագրավ մեջբերումներ է արել: Մասնավորապես՝ հարցազրույցի ընթացքում խոսվել է Հայաստան-Ռուսաստան և Հայաստան-Իրան երկաթուղագծերի կառուցման հնարավորության շուրջ:
Լրագրողի հարցին, թե Վաշաձեն ինչ կարծիքի է Հայաստան-Ռուսաստան երկաթգծի վերագործարկման մասին, վրացի պաշտոնյան նշել է, թե իբր երկաթուղու կառուցումը ձեռնտու է միայն Ռուսաստանին, քանի որ նա դրանով ուզում է ապահովել Գյումրիի ռազմաբազային մատակարարումները: Իսկ Հայաստանին, իր խոսքերով, այդ երկաթուղին այնքան էլ շատ պետք չէ, քանի որ Հայաստանը արտոնյալ կերպով օգտվում է վրացական երկաթուղու բոլոր ուղղություններից: Ըստ Վաշաձեի, Վրաստանը զգուշանում է հիշյալ երկաթուղու կառուցումից, քանի որ Ռուսաստանը դա կարող է օգտագործել իր դեմ՝ ռազմական նպատակներով, բացի այդ՝ նա ռուսական կողմին առաջարկել է հստակեցնել երկաթուղու Աբխազիայի տարածքով անցնող հատվածի կարգավիճակը, ապա նոր այդ մասին խոսել: Եթե այդ հատվածը ռուսներն են տնօրինում, այդ դեպքում, ըստ նրա, ինչ է այն երկիրը (Աբխազիան), որ այդ տարածքում իրեն հռչակել է անկախ պետություն, և ինչի համար է այն ստեղծվել: Իսկ եթե այդ հատվածը իրենց (ռուսների) տնօրինության տակ չէ, այդ դեպքում երկաթուղու կառուցման հարցում որևէ փոխադարձ ընդունելի լուծման հանգելու մասին խոսելն անիմաստ է, եթե անգամ կողմերի միջև այդպիսի համաձայնություն լինի: «Ինչի՞ համար է այդ երկաթուղին պետք Ռուսաստանին, Վրաստանի հետ հարաբերություններ հաստատելո՞ւ համար, խիստ կասկածում եմ»,- նշել է Վաշաձեն:
Խոսելով հայ-թուրքական սահմանների հավանական բացվելու մասին, նախարարը նշել է,- «Մենք երջանիկ կլինեինք, եթե դա ստացվեր: Մեր հայ ընկերները ասում են, որ մենք եղել ենք այդ գործընթացի ամենամեծ ջատագովը: Սակայն ավաղ դա տեղի չունեցավ: Դեռևս»:
Ինչ վերաբերվում է Հայաստանի երկաթուղու ընդլայմանը դեպի Իրան և հետո դրա միացումը վրացական երկաթուղու հետ արդյոք ձեռնտու չի լինի նաև Վրաստանին, Վաշաձեն անսպասելի պատասխան է տվել: Նա ասել է, թե երկաթուղու վրացական հատվածը այն պակասող օղակն է, որի մասին Կրեմլում վաղուց են երազում: «Չգիտեմ: Դա ուղղակի խաբեություն է: Բայյց մինչև որևէ քայլ անելը հարկավոր է լավ մտածել, թե ինչ է ստանում Վրաստանը այդ ամենից: Մենք, կարծում եմ, դեռևս ոչինչ չենք ստացել», եզրափակել է Վրաստանի արտգործնախարարը: