Աբովյան փողոցում այսօր սկսված շինարարությունը կասեցվել է
Աբովյան փողոցում, թիվ 19 շենքի դիմաց, նույն տեղում, որտեղից վերջերս ապամոնտաժվեցին սխալ թույլտվությամբ կառուցված բուտիկները, նոր ու անհասկանալի շինարարություն էր սկսվել, սակայն բնակիչների, լրագրողների ու բնապահպանների արձագանքից հետո փորած փոսն այժմ ծածկում են, շրջակայքը փակվում է:
Բնապահպաններն ահազանգել են Ոստիկանությանը `անօրինական շինարարություն իրականացնելու մեղադրանքով (քանի որ շինարարության մասին վկայող որևէ ցուցանակ չկա):
Հիշեցնենք, որ ավելի վաղ այս առիթով բնապահպանների տարածած հաղորդագրության մեջ ասվում էր.
«Աբովյան փողոցում ապամոնտաժված բուտիկների տեղում կրկին շինարարություն է։ Այս պահին ակտիվորեն աշխատում է շինարարական տեխնիկան, ծառերի կողքին անհայտ պատճառներով և անհայտ թույլտվություններով կատարվում են հողաշինարարական աշխատանքներ։ Փորվող փոսորակը վնասում է մայթի հաստաբուն ծառերի արմատները։
Այս նողկալի և համառ ատելությունը մայրաքաղաքի կանաչ տարածքների նկատմամբ բնական շարունակությունն է քաղաքապետարանի տարածած սուտ հատարարության, թե այդտեղ որևէ «օբյեկտի» կառուցում չի նախատեսվում։
Մենք դատապարտում ենք հանրային տարածքներն այլանդակող և առևտրի գոտու վերածող բոլոր որոշումները և պահանջելու ենք նրանց պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ։ Պահանջում ենք հողի հետլիցք կատարել և դադարեցնել Աբովյան փողոցի հանրային տարածքում ընթացող աշխատանքները»: