Հայաստանցին մարդու օրգաններ է վաճառել արտերկիր
25-ամյա Սերգեյ Հովսեփյանը, հավանաբար, որոշել էր զբաղվել այնպիսի յուրահատուկ բիզնեսով, որով գոնե հայերը չեն զբաղվում կամ առնվազն հանրությանը հայտնի պատմություններ չկան: Քրեական գործի նյութերից պարզ է դառնում, որ Երևանի բնակիչ Սերգեյի ընկալմամբ` այդպիսի բիզնես կարող է լինել մարդու օրգանների վաճառքը: Այդ նպատակով նա նախնական համաձայնություն է ձեռք բերել արտերկրում բնակվող, գործով դեռևս ինքնությունը չպարզված ոմն Ալեքսի, Ալբերտի և Բագդանի հետ, որ մարդկանց շահագործելու, նրանց օրգանները` երիկամները վերցնելու նպատակով ինքը կհավաքագրի մարդկանց, կկազմակերպի նրանց տեղափոխումը Շրի Լանկա, և վերոնշյալ անհայտ մարդիկ այդ ամենը կազմակերպելու համար յուրաքանչյուր անձի դիմաց իրեն կվճարեն 2000 ԱՄՆ դոլար:
Դրանից հետո Սերգեյ Հովսեփյանն այստեղ սկսել է հարմար մարդկանց փնտրել: Եվ քանի որ մեզ մոտ սոցիալական վիճակն օրեցօր վատանում է, հավանաբար հեշտությամբ հնարավոր է եղել գտնել 6 հոգու, ովքեր պատրաստ են եղել հրաժարվել իրենց կենսական կարևոր օրգաններից որոշակի վարձատրության դիմաց: Սերգեյը խոստացել է հոգալ նրանց բժշկական հետազոտություն անցնելու, տեղափոխման ծախսերը և 10.000-ական դոլար տալ, եթե նրանք այցելեն հայաստանյան բժշկական կենտրոններ, մտնեն սոցիալական ցանցեր և հայտարարություններ տեղադրեն ինտերնետային կայքերում` նշելով, որ իրենք վաճառում են իրենց այս կամ այն օրգանը, և գան իր հետ արտերկիր:
Այդպես Սերգեյ Հովսեփյանի ցանցում են հայտնվել Երևանի բնակիչներ Արևհատ Բ. Մխիթարյանը, Նարեկ Հովհաննիսյանը, Աշոտ Հ. Գազիլյանին, Սարգիս Մ. Ֆեսչյանը, Գայանե Ն. Ստեփանյանը և Արտաշես Գ. Մխիթարյանը, որոնց հավաքագրել է, ինչպես նաև հասցրել կազմակերպել նրանցից չորսի` Արևհատի, Աշոտի, Սարգսի և Գայանեի տեղափոխումը Շրի Լանկա` ՀՀ պետական սահմանը հատելու միջոցով:
Սերգեյ Հովսեփյանը կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ և պետական սահմանը հատելու միջոցով մարդուն թրաֆիքինգի ենթարկելու համար, որը նախատեսում է 7-12 տարվա ազատազրկում:
Թե ինչ մասնագիտություն ունի այս երիտասարդը և ինչպես է հաջողեցրել այդպիսի լայն, վտանգավոր ու հանցավոր կապեր գտնել միջազգային ասպարեզում` դեռ հայտնի չէ, քանի որ դատաքննությունը նոր է սկսվում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Բայց սա չափազանց վտանգավոր նախադեպ է, քանի որ նման թակարդի մեջ կարող են հայտնվել ոչ միայն նրանք, որոնց հետ հստակ պայմանավորվել և խոստացել են, թե նրանց որ օրգանն ինչ գնով են առնելու, այլև նրանք, ովքեր համացանցից օգտվելու սովորություն ունեն կամ, ասենք, ինչ-որ դժբախտ պատահարից տուժել են, սակայն հնարավոր է եղել նրանց կյանքը փրկել…, բայց չեն փրկել: