«Ոսկե ծիրանի» մրցանակակիրները որոշվեցին
Ամփոփվել են «Ոսկե ծիրան» երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի մրցութի արդյունքները:
Լավագույն խաղարկային ֆիլմ անվանակարգում «Ոսկե ծիրան» մրցանակի է արժանացել Սերգեյ Լոզնիցայի (Գերմանիա/ Ռուսաստան/ Լատվիա/ Նիդեռլանդներ/ Բելառուս) «Մշուշում» ֆիլմը:
«Արծաթե ծիրան» մրցանակին արժանացել է ռեժիսորներ Անկա Սասնալ, Վիլհելմ Սասնալ (Լեհաստան) «Հեռվից սիրուն է երևում» ֆիլմը, իսկ ժյուրիի հատուկ մրցանակին՝ Լուիս Տորրես Լեյվայի (Լեհաստան) ֆիլմը:
Լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում «Ոսկե ծիրան»-ի է արժանացել Էմադ Բուրնաթ, Գի Դավիդի (Պաղեստին) «Հինգ կոտրված տեսախցիկ» ֆիլմը:
Այս անվանակարգում «Արծաթե ծիրան»-ին արժանացել է ռուսաստանցի ռեժիսոր Ալեքսեյ Վախրուշևի «Տունդրայի գիրքը. պատմվածք Վուկվուկայի` փոքրիկ քարի մասին» ֆիլմը, իսկ ժյուրիի հատուկ կարծիքին արժանացել է Սալոմե Ջաշիի (Վրաստան/Գերմանիա) «Բախմարո» ֆիլմը:
Լավագույն հայկական խաղարկային ֆիլմ անվանակարգում «Ոսկե ծիրան»-ի է արժանացել Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը» ֆիլմը:
Այս անվանակարգում «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակին արժանացել է Վալերի Մասադյանի (Ֆրանսիա) «Նանա» ֆիլմը:
Լավագույն հայկական վավերագրական ֆիլմ անվանակարգում մրցանակի է արժանացել «Հայկական ռապսոդիա» ֆիլմը՝ ռեժիսորներ Կասիանա Տեր-Հարությունյան, Սեզար Կանանյան, Գարի Կանանյան (Բրազիլիա):
Կարճամետրաժ ֆիլմերի «Կորիզ» մրցույթում «Ոսկե ծիրան»-ի է արժանացել ռեժիսոր Էդուարդու Մուրուտոյի (Բրազիլիա) «Երբ մեռնենք գիշերը» ֆիլմը, իսկ ժյուրիի հատուկ կարծիքի արժանացել է Միխայիլ Մեստեցկիի (Ռուսաստան) «Պատահական միջադեպի աննշան մանրամասները» ֆիլմը:
FIPRESCI-ի մրցանակը շնորհվել է ռեժիսորներ Սանո Սինձյուի և Եռլան Նուրմուհամբետովի (Ղազախստան/Ճապոնիա) «Գարնան առաջին անձրևները» ֆիլմին:
Էկումենիկ ժյուրիի մրցանակին արժանացել է Նատալյա Բելյաուսկենեի (Հայաստան) «Եթե բոլորը» ֆիլմը, իսկ Էկումենիկ ժյուրիի հատուկ դիպլոմին՝ ռեժիսոր Օզջան Ալփերի (Թուրքիա) «Ապագան ձգվում է հավերժ» ֆիլմը:
Հայաստանի Ազգային կինոակադեմիայի մրցանակը շնորհվել է ռեժիսոր Սյուզան Խարտալյանի (Շվեդիա) «Տատիկին դաջվածքները» ֆիլմին:
Բրիտանական խորհրդի մրցանակին արժանացել է ռեժ. Կասիանա Տեր-Հարությունյանի, Սեզար Կանանյանի, Գարի Կանանյանի (Բրազիլիա) «Հայկական ռապսոդիա» ֆիլմը, իսկ Հայաստանի Ֆիլմարտադրողների միության մրցանակին՝ Գորան Ռադովանովիչի (Սերբիա) «Ֆիդելի հետ, ինչ Էլ որ լինի» ֆիլմը:
Տիգրան Ավետիքյանի (Ֆրանսիա) «Վատ հայրը» ֆիլմն արժանացել է «Հրանտ Մաթևոսյան» մրցանակին: