
Հայաստանում պատիժը կրող իրանցիներին հանձնեցին Իրանին

Հայաստանի արդարադատության նախարարը որոշում է կայացրել իրենց հետագա պատիժը կրելու նպատակով ԻԻՀ տեղեփոխվելու ցանկություն հայտնած 12 դատապարտյալի Իրանի Իսլամական Հանրապետություն փոխանցելու մասին:
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 10-ին իրականացվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն», «Վարդաշեն» եւ «Աբովյան» ՔԿ հիմնարկներում պատիժը կրող Իրանի Իսլամական Հանրապետության 12 քաղաքացու փոխանցումը (11 տղամարդ եւ մեկ կին) ԻԻՀ՝ հետագա պատիժը Իրանում կրելու նպատակով:
Փոխանցումն իրականացվել է բարի կամքի դրսեւորմամբ՝ փոխադարձության հիման վրա՝ հիմք ընդունելով ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հայտագիրը, ինչպես նաեւ՝ ՀՀ արդարադատության նախարարի եւ Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ գործում են 2006թ. հուլիսի 5-ին Թեհրանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ քաղաքացիական եւ քրեական գործերով իրավական համագործակցության մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ հանձնման մասին» համաձայնագրերը: Ներկայումս շարունակվում է բանակցային գործընթացը դատապարտյալների փոխանցումը կարգավորող միջազգային պայմանագրի նախագծի ստորագրման ուղղությամբ:
Պատժի մնացած մասը կրելու նպատակով ԻԻՀ փոխանցված դատապարտյալները ՀՀ դատարանների կողմից դատապարտվել էին ազատազրկման ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ (Մաքսանենգություն), 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) եւ 266-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն՝ իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) հոդվածներով նախատեսված արարքներ կատարելու համար: