ԵԱՀԿ համանախագահները երաշխիքներ են ստացել ԼՂ օդանավակայանի անվտանգության շուրջ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ռոբերտ Բրադտկեն Իգոր Պոպովը , Ժակ Ֆորը և դեսպան Անդջեյ Կասպշիկը ամփոփել են հունիսի 10-13 տարածաշրջան կատարած այցը` նշելով, որ Ստեփանակերտում օդանավակայանի բացման առթիվ իրենք կողմերից երաշխիք են ստացել, որ վերջիններս կհրաժարվեն քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից և բոլոր հարցերը կլուծեն դիվանագիտական ճանապարհով:
Համանախագահները վերահաստատել են, որ օդանավակայանի գործունեությունը չի կարող օգտագործվել Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոն փոխելու պահանջներին սատարելու նպատակով և կողմերին կոչ են արել գործել միջազգային իրավունքի և իրենց տարածքների վրայով կատարվող թռիչքների առկա պրակտիկայի համաձայն։
Բացի այդ՝ ԵԱՀԿ համանախագահները նշում են, որ Ադրբեջանում, Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում ունեցած բոլոր հանդիպումների ընթացքում իրենք վերահաստատել են իրենց դիրքորոշումը՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման վերաբերյալ:
Համանախագահները նաև նշում են, որ քննարկել են հունիսի 18-ին Փարիզում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ կայացած հանդիպումը և իրենց մտահոգությունն են հայտնել սահմանում վերջերս տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ, ինչպես նաև կողմերին կոչ են արել  քաղաքական կամք ցուցաբերել խաղաղության հասնելու համար՝ հարգելով 1994թ-ին հրադադարի մասին կնքած պայմանագիրը:

Տեսանյութեր

Լրահոս