ԼՂՀ նախագահի թեկնածուն՝ Սեֆիլյանի քաղաքացիության մասին
Այսօր հայաստանյան մամուլում «Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության» կոմիտեի համակարգող Աղավնի Սահակյանը, ներկայացնելով Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության մերժման հետ կապված պատմությունը, հարց է ուղղել ԼՂՀ նախագահի թեկնածուներին.
ա) Ինչպիսի՞ն է այս իրողության վերաբերյալ Ձեր գնահատականը։
բ) Ինչպե՞ս կլուծեք դուք այս խնդիրը, երբ ընտրվեք ԼՂՀ նախագահ:
Վիտալի Բալասանյանը հարցի նկատմամբ ունի հստակ կարծիք: Յուրաքանչյուր հայ իրավունք ունի դառնալու Արցախի քաղաքացի: Անթույլատրելի է, երբ որևէ հայի մերժվում է հայաստանյան քաղաքացիություն տալը: Էլ առավել անընդունելի է, երբ քաղաքացիություն չի տրվում արցախյան պատերազմում էական ներդրում ունեցող հրամանատարին:
Ավելին`մեզ պարտադրված պատերազմում արցախցու կողքին կանգնած յուրաքանչյուր ոք, անկախ ազգությունից, ունի Արցախի քաղաքացի դառնալու իրավունք:
Վիտալի Բալասանյանի նախագահ ընտրվելու դեպքում առաջին քայլերից մեկը ԼՂՀ քաղաքացիության մասին օրենքի ընդունումն է լինելու: Օրենքը կենթադրի նաև երկքաղաքացիության ինստիտուտ: Անկախ օրենքի առկայությանը` Ժիրայր Սեֆիլյանին նախագահի հրամանագրով կշնորհվի Արցախի քաղաքացիություն:
Վիտալի Բալասանյանի համար այս հարցը նաև բարոյական կողմ ունի: Ժիրայրը հայրենիքից դուրս բնակվող հայերի այն ներկայացուցիչն է, ովքեր հայրենիքի վտանգի դեպքում իրենց նետեցին պատերազմի բոցերի մեջ: Մենք իրավունք չունենք նման տեսակը ոչնչացնելու:
Վիտալի Բալասանյանի` նախագահ դառնալու դեպքում, Արցախը դառնալու է մեր հայրենիքի այն մասը, որտեղ աշխարհի տարբեր երկրների հայորդիները հնարավորություն կունենան առանց արհեստական խոչընդոտների իրականացնել իրենց ներուժը: