ԱԺ 4 խմբակցություններ հանդես կգան արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ

Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր հրավիրված ասուլիսում հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ ԱԺ 4 խմբակցություններ՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» հանդես են գալու ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու նախաձեռնությամբ, որի օրակարգում լինելու է «Հարսնաքարի» միջադեպի հետ կապված ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:
Որպես նման նախաձեռնությամբ հանդես գալու պատճառներ Լևոն Զուրաբյանը թվարկեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի և դրա արդյունքում Վահե Ավետյանի մահանալու հետ կապված հասարակության շրջանում առաջացած մեծ լարվածությունը, ԱԺ կողմից արագ արձագանքի դեպքում ընդհանուր լարվածության թուլացման հնարավորությունը, նշված դեպքը ԱԺ պատգամավորի անվան հետ կապված լինելու ու ըստ այդմ՝ նրա պատասխանատվության հարցը առաջանալու հանգամանքը, ինչպես նաև այն, որ միջադեպը բացասական կազդի բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա:
Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ վերը նշված խմբակցությունների ներկայացուցիչների միջև կայացել են համապատասխան քննարկումներ և կայացվել է նման նախաձեռնությամբ հանդես գալու որոշում:
ԱԺ արտահերթ նստաշրջանը, Զուրաբյանի տեղեկացմամբ, կհրավիրվի հուլիսի 17-ին՝ ժամը 12-ին:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը նաև չբացառեց, որ իրենք դժվարություններ կունենա անհրաժեշտ 44 ստորագրություններն ապահովելու հարցում՝ ասելով, որ իրենք ամեն գնով փորձելու են հասնել դրան:
Զուրաբյանը հավանական համարեց նաև այն, որ նախագիծը շահարկվելու է, քանի որ միջադեպի հետ կապված հարցը դեռևս գտնվում է քննության փուլում իրավապահ մարմինների կողմից, և տեղեկացրեց, որ նման պատճառաբանություններից խուսափելու համար իրենք Մարտի 1-ի հանձնաժողովի հետ կապված բոլոր հնարավոր նախադեպերը տեղափոխել են նաև այս հանձնաժողովի նախագիծ:

Տեսանյութեր

Լրահոս