
Վարդան Օսկանյանը դատարանում կբողոքարկի ԱԱԾ որոշումը

Ինչպես հայտնում է «Փաստինֆո» լրատվական գործակալությունը` Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան:
Օսկանյանը դատարանում բողոքարկում է փողերի լվացման դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու՝ քննիչի որոշումը, որով նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վ. Օսկանյանը գործով վկա է:
Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչությունը մայիսի 25-ին հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով քրեական գործ է հարուցել, որի հետ կապված շոշափվում է «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը: