“Շիրակը” մեծ հնարավորություն ունի առաջին անգամ անցնելու հաջորդ փուլ
Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկությունը հոբելյանական է Գյումրիի “Շիրակի” համար, որը 10-րդ անգամ է մասնակցում եվրագավաթների մրցաշարերին: Մինչ այդ շիրակցիները մասնակցել են Չեմպիոնների լիգայի, ՈւԵՖԱ-ի և Ինտերտոտոյի գավաթների խաղարկություններին:
8-ամյա ընդմիջումից հետո կրկին եվրոպական մրցասպարեզ դուրս գալով, “Շիրակը” հիանալի հնարավորություն է ստացել առաջին անգամ հաղթահարելու առաջին փուլի արգելքը: Ինչ խոսք, հյուրընկալվելիս “Ռուդարին” 1:0 հաշվով հաղթելուց հետո Գյումրիում կայանալիք խաղում էլ շիրակցիների հնարավորությունները բավական մեծ են:
Եվրագավաթների խաղարկություններում “Շիրակը” նորամուտը նշել է ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարում` 1995թ. օգոստոսի 8-ին Լեհաստանի “Զագլեբիե” թիմի հետ արտագնա խաղն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի: Անդրանիկ հաղթանակը շիրակցիները տոնել են եվրագավաթներում անցկացրած 8-րդ խաղում’ 1999թ. օգոստոսի 26-ին “Հրազդան” մարզադաշտում ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարի նախնական փուլում 1:0 հաշվով առավելության հասնելով ֆիննական ՀԻԿ-ի նկատմամբ:
Գոլերի հաշիվը “Շիրակը” բացել է 4-րդ խաղում: 1996թ. հուլիսի 24-ին “Հրազդանում” Կիպրոսի “Անորտոսիսի” հետ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության խաղի 16-րդ րոպեին Արարատ Հարությունյանը խոցել է Պանայոտուի դարպասը: Հենց նա էլ 5 գնդակով թիմի ռմբարկուն է եվրագավաթների մրցաշարերում: Թիմի ներկայիս ֆուտբոլիստներից եվրագավաթներում մեկական գոլի հեղինակ են դարձել Տիգրան Դավթյանը, Կարեն Ալեքսանյանը, Հրայր Մկոյանը և Լամին Լի Յորոն: Ընդ որում Մկոյանն աչքի է ընկել “Արարատում”‘ 2008թ. ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարում խոցելով շվեյցարական “Բելինցոնայի” դարպասը:
Եվրագավաթներում “Շիրակի” կազմում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրը Գագիկ Մարգարյանն է’ 17: “Շիրակի” ներկայիս ֆուտբոլիստներից մինչև ընթացիկ մրցաշրջանը եվրագավաթներում հանդես գալու փորձ ունեին Տիգրան Դավթյանը, Կարեն Ալեքսանյանը, Անդրանիկ Բարիկյանը, Հրայր Մկոյանը, Հովհաննես Գրիգորյանը, Արթուր Հարությունյանն ու Արմեն Տիգրանյանը: Ամենափորձառուն “Շիրակի” ավագ Տիգրան Դավթյանն է, ով “Ռուդարի” հետ խաղում եվրագավաթներում իր 19-րդ հանդիպումն անցկացրեց: Դրանցից 8-ը նա անցկացրել է “Միկայում” 2005-2007թթ.:
«Ռուդարի» հետ այսօրվա մրցավեճում «Շիրակի» հավանական կազմն այսպիսին է.
Արթուր Հարությունյան, Հովհաննես Գրիգորյան, Հրայր Մկոյան, Դիդյե Բորիս, Գևորգ Հովհաննիսյան, Կարեն Մուրադյան, Տիգրան Դավթյան, Դամե Դիոպ, Անդրանիկ Բարիկյան, Լամին Լի Յորո, Ֆոֆանա Բեկո: