
Սարկոզիի որդին դիջեյություն կանի Սիրահարների այգում

Երեւանում, հուլիսի 14-ին, ժամը 19:00-ին, «Սիրահարների այգում» ելույթ կունենա Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի որդին՝ Պիեր Սարկոզին, նույն ինքը DJ «MOSEY»: Նախագահի տղա լինելու փաստը մեծ բացահայտում դարձավ երաժշտական աշխարհում եւ ընդունվեց շատ հակասական կերպով, քանի որ բոլորը չէին, որ կիսում էին նրա հայրիկի քաղաքական հայացքները եւ վարած քաղաքականությունը: Թեեւ քաղաքական գործիչ հայրն այնքան էլ ոգեւորված չէ նորարարական երաժիշտ որդու գործունեությամբ, սակայն դա չի խանգարում երիտասարդին շոու բիզնեսի աշխարհում իր հաստատուն քայլերն անելիս:
2010 թվականին թողարկվում է նրա առաջին ձայնասկավառակը, որն իր մեջ ներառում է տարբեր երկրների աստղերի հետ հաջողված համատեղ պրոեկտներ:
Պիեր Սարկոզին վերջին մի քանի տարիների ընթացքում համաշխարհային բարձրաշխարհիկ երեկույթների հաճախակի եւ սպասված հյուրն է դարձել: Արդեն մի քանի տարի է՝ նա ներկայանում է House, Electro, French House, Nu Disco, Soul, Hip Hop, RnB ոճերով, ինչպես նաեւ հանդիսանում է երաժշտական պրոդյուսեր:
Անմոռանալի եւ թեժ երեկոն հայաստանցիների եւ մեր երկրի հյուրերի համար ապահովված է: Մուտքը՝ առանց տոմսերի: Բացօթյա համերգին կհետեւի AfterParty-ն, որը կկայանա «KAMI» ակումբում:
Երեկոյի առաջին մասում բարձր տրամադրություն եւ դրական լիցքեր կփոխանցեն DJ Vakcina-ն, Arni Rock-ը եւ Haik Solar-ը: