«Գանձասարի» հիմնական դարպասապահը կխաղա՞ պատասխան խաղում
Կապանի «Գանձասարը» Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում Ֆարերները ներկայացնող «Ստրեյմուրին» հյուրընկալվեց առանց դարպասապահ Գևորգ Պրազյանի, ով Հայաստանի ընթացիկ առաջնությունում ամենաքիչ գնդակ բաց թողած դարպասապահներից է:
«Գանձասարի» գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանը հայտնեց, որ դարպասապահը Ֆարերներ չի մեկնել վատ մարզավիճակի պատճառով. «Չեմ կարող ասել` նա այսօր կխաղա, թե ոչ: Դա մարզչի գործն է: Կարող եմ հայտնել միայն, որ Պրազյանը Ֆարերներ չմեկնեց Հայաստանի առաջնության վերջին տուրերում անհաջող հանդես գալու պատճառով:
Ներկայումս տեղեկություններ են տարածվել, թե նա բանակի խնդիր ունի ու դրա համար չի խաղացել Ֆարերներում, բայց նման բան չկա: Հայաստանի առաջնության 14-րդ տուրում նա շատ վատ հանդես եկավ «Միկայի» հետ Կապանում կայացած խաղում: Դրանից հետո հիմնական կազմում հայտնվեց Արմեն Խաչատրյանը: Պրազյանի բանակի հարցերը կարգավորվել են»,-ասաց Վլադիկ Առաքելյանը:
Ավելացնենք, որ «Գանձասար»-«Ստրեյմուր» պատասխան հանդիպումը կկայանա այսօր և կսկսվի 19:00-ին: Առաջին խաղում հայկական թիմը պարտվել էր 1:3 հաշվով: