Եթե որոշակի սկզբունքների վրա լինի միասնական թեկնածու, ՀՅԴ-ն կպաշտպանի նրան
Թեև Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը կաշկանդված չէ 2013թ. կայանալիք նախագահական ընտրություններում սեփական թեկնածու ունենալու գաղափարով, սակայն պատրաստ է պաշտպանելու մեկ միասնական թեկնածուին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, միաժամանակ հստակեցնելով՝ եթե պահպանվեն երկու հիմնական սկզբունքները:
«Մեզ համար կարևորը սկզբուքներն են, որի հիման վրա կձևավորվի թեկնածուն: Միանշանակ է, որ մեկ քաղաքական ուժը չի կարող փոփոխություններ իրականացնել երկրում և պետք է համախմբվեն: Գաղափարը՝ մեր տեսակետից՝ երկուսն է. առաջին, այն թեկնածուն, ով հավականում է դառնալ ՀՀ նախագահ՝ առաջիկա հինգ տարիների համար, պետք է պարտավորվի անցում կատարել կառավարման խորհրդարանական ձևին»,- ասաց նա և նշեց, որ դրա համար անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ:
Երկրորդ սկզբունքն, ըստ նրա, այն է, որ միասնական թեկնածուն պետք է դրսևորի այնպիսի քաղաքական կամք, որ ընդդիմությանը հնարավորություն ընձեռի հակակշռել իշխանական կողմին, մասնավորապես` նրան վստահվի Վերահսկիչ պալատի, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Էթիկայի հանձնաժողովի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և այլ կառույցների ղեկավարների պաշտոնները:
«Եթե այս երկու սկզբունքների հիման վրա կլինի միասնական թեկնածու, ՀՅԴ-ն հանդես կգա հայտարարությամբ և կպաշտպանի միասնական թեկնածուին»,- ասաց Արծվիկ Մինասյանը: