Այս տարվա հունվարի 1-ից հունիսի 20-ը բանակում մահացել է 27 զինծառայող
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաշվետվություն է տարածել՝ ներկայացնելով իր ուսումնասիրության արդյունքները 2012 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 20-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում գրանցված միջադեպերի և դրանց արդյունքում՝ զոհերի վերաբերյալ:
Ըստ այդմ՝ նշված ժամանակաշրջանում գրանցվել է 23 միջադեպ, որի հետևանքով մահացել է 27 զինծառայող: 23 միջադեպերից միայն 12-ի դեպքում է ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդիսացել տեղեկատվության տարածման առաջնային աղբյուր:
Նշված ժամանակահատվածում գրանցված մահացության 27 դեպքերից 11-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով է, 4-ը ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով, 1-ը՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման, 4-ը՝ դժբախտ պատահարի, 3-ը՝ առողջական խնդիրների և ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման պատճառով, 3-ը՝ սպանության հետևանքով և 1-ը՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու պատճառով:
Դեպքերից երկուսի ժամանակ զոհվել են միանգամից երեքական զինծառայողներ՝ երեքը զոհվել են Այգեպար-Մովսես ճանապարհին ադրբեջանական զինուժի կողմից մարդատար ավտոմեքենայի գնդակոծման հետևանքով, իսկ մյուս երեքը՝ ադրբեջանական զորքերի կողմից ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր ներթափանցելու փորձի ժամանակ:
Դեպքերից 11-ի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդված 1-ին մասի հատկանիշներով, 2–րդ մասի 1-ին և 6-րդ կետերի՝ սպանություն՝ երկու կամ ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերով (սպանության փորձ 2 կամ ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով. ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլագարության շարժառիթով) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով (սպանություն` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլագարության շարժառիթով):
4 դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը), 3 դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (սպանություն), 1 դեպքի առնչությամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (զենքի հետ վարվելու կանոնների խախտում, ինչն անզգուշությամբ առաջացրել է մահ, 2 դեպքի առնչությամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի հատկանիշներով՝ (պաշտոնական անձի) անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է մահ, 2 դեպքի առնչությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մաս՝ Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, 1 դեպքի առնչությամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377 հոդվածի 2-րդ մասով՝ մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը: 3 դեպքի առնչությամբ նշված չէ այն հոդվածները, որոնցով հարուցվել են քրեական գործերը /դրանցից երկուսը առողջական խնդիրների հետևանքով մահվան դեպքեր են, իսկ մեկը՝ ավտովթարի
Հարկ է նշել, որ շատ դեպքերում քրեական գործերը հարուցվում են օրենքով սահմանված ժամկետներից ուշ:
Ինքնասպանության 4 դեպքերից 3-ի դեպքում դիակի վրա եղել են բռնության հետքեր, այրվածքներ /տե՛ս դեպքերի նկարագրությունը/:
Գրանցված 3 սպանությունից երկուսը տեղի են ունեցել զինակիցների կողմից, որոնցից մեկը, ըստ նախնական պաշտոնական տվյալների նշվել է որպես հակառակորդի կողմից սպանություն, սակայն ավելի ուշ այդ վարկածը հերքվել է: Մեկ դեպքի առնչությամբ, ըստ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների ձերբակալվել է դասակի հրամանատարը, սակայն այն ավելի ուշ պաշտոնապես հերքվել է ՀՀ ՊՆ քննչական վարչության կողմից /տե՛ս դեպքերի նկարագրությունը/:
Մահացության դեպքերից 14-ը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում, 12-ը Լեռնային Ղարաբաղի տարածքում, իսկ տեղի ունեցած մեկ դեպքի վայրը նշված չէ: Համաձայն հասանելի տեղեկատվության՝ բոլոր դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնցից 24-ը, ըստ մեր տեղեկությունների, գտնվում են նախաքննության փուլում, իսկ մյուս դեպքերի վերաբերյալ տվյալներ առկա չեն:
Ուսումնասիրության առաջնային աղբյուր են հանդիսացել ԶԼՄ-ները և զինծառայողների հարազատները: