Համակարծիք են , որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ այսօր կայացած հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել է ԼՂ հիմնահարցը: Այս մասին հանդիպմանը հաջորդած ասուլիսին տեղեկացրեց Է. Նալբանդյանը: «Մենք համակարծիք ենք, որ պետք է ժողովրդին պատրաստել խաղաղության, այլ ոչ պատերազմի»,- ասաց ՀՀ արտգործնախարարը:
Զանիերն իր հերթին նշեց, որ ինքը մտահոգված է շփման գծում վերջին իրադարձություններով և հայտարարեց, որ ինքը թե՛ Բաքվում, թե՛ այստեղ նույն ուղերձն է հղում: «Անհրաժեշտ է միջոցառումներ իրականացնել իրավիճակը կայունացնելու համար: Կողմերը պետք է ձեռնպահ մնան հակահարվածի միջոցներից, որոնք կհանգեցնեն իրավիճակի հետագա սրմանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկեն շփման գծից դիպուկահարներին հեռացնելու համար»,-ասաց Զանիերը:
Նա նաև դարձյալ նշեց, որ առկա ստատուս քվոն անընդունելի է: Արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ եռանախագահները բազմիցս կոչ են արել զերծ մնալ մաքսիմալիստական հայտարարություններից, սակայն Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ չէ որևէ զիջման: «Բանակցություններին այլընտրանք չկա և Հայաստանը շարունակելու է ջանքերը` ուղղված կարգավորմանը»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը: