
Պենտագոն. 3 տարուց Իրանը միջմայրցամաքային հրթիռ կունենա

Իրանի զինված ուժերը շարունակում են աշխատանքը ազգային հրթիռային ծրագրի ստեղծման նախագծերի շուրջ, որոնք ուղղված են փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների հզորության եւ նշանառության մակարդակների բարձրացմանը: Այս մասին ասվում է Պենտագոնի զեկույցում, որը ուղարկվել է ԱՄՆ Կոնգրես, հաղորդում է Bloomberg-ը:
Զեկույցը կազմվել է հունիսի 29-ին եւ ստորագրվել ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետայի կողմից: Փաստաթղթում ասվում է, որ նոր հրթիռային մշակումներին զուգահեռ, Իրանի բանակը զորավարժություններ է անցկացնում «ողջ երկրով մեկ» եւ նոր ռազմանավեր ու սուզանավեր է ներգրավում իր զինանոց:
ԱՄՆ ՊՆ-ի գնահատականներով, 2015 թվականին Իրանը «օտարերկրյա օգնությամբ» ունակ կլինի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ փորձարկել:
Փաստաթղթում խոսվում է նաեւ Իրանի միջուկային ծրագրի, Սիրիայի իշխանություններին, լիբանանյան «Հըզբոլլահին», պաղեստինյան «Համասին» եւ Իրաքի շիա խմբավորումներին ռազմական օգնության մասին: