Նորաստեղծ ՀՕՊ համակարգին հնարավոր է միանա նաեւ Հայաստանը
Ռուսաստանը եւ Ղազախստանն արդեն հաջորդ տարի հակաօդային պաշտպանության միացյալ համակարգ կստեղծեն: Այդ մասին այսօր` հուլիսի 11-ին, մամուլի ասուլիսում լրագրողներին ասել է Ղազախստանի ՀՕՊ զորքերի հրամանատար Նուրժան Մուկանովը: Նրա խոսքով` այժմ կողմերը համաձայնեցրել են փաստաթղթերը եւ պատրաստում են ստորագրման: Այդ մասին հայտնում է «Միր» հեռուստաընկերությունը: «Այդ համակարգն ստեղծելու փաստաթղթերն արդեն կազմվել են եւ տվյալ պահին նախագահի աշխատակազմի մակարդակով պետք է համաձայնեցվեն», -ասել է Մուկանովը: Նա չի բացառել, որ ընդհանուր ՀՕՊ-ի շրջանակում կարող են օգտագործել ռուսական արտադրության С-300 զենիթահրթիռային համալիրները:
Տարածաշրջանային ՀՕՊ-ին, հնարավոր է, միանա նաեւ Հայաստանը: ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ-ի հարցերը համակարգող հանձնաժողովի քարտուղար Ռոման Դյաչենկոյի խոսքով` նախապատրաստվել են բոլոր համաձայնագրերը «Հայաստանի հետ ՀՕՊ միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու համար»:
Համակարգերը կկազմակերպվեն ՀԱՊԿ-ի շրջանակում: Նախատեսվում է նրանց հետակա ընդգրկումը ԱՊՀ ոլորտ: