Սեփականատերը՝ «Գրանդ Սան»-ի նախկին տնօրենի ձերբակալության մասին

Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը «Գրանդ Սան» ընկերության նախկին տնօրեն Ռոբերտ Հարությունյանին մեղադրանք է առաջադրել Քր. օրի 179 հոդվածի 3-րդ մասի 1 կետի հատկանիշներով` գույքի վատնումի, առանձնապես խոշոր չափի գումարների յուրացման համար: Հուլիսի 6-ին նա կալանավորվել է։
Այս մասին գրում է «Ա1+»-ն, ում հետ զրույցում «Գրանդ հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանն ասել է, որ ընկերությունում գողություն է կատարվել. խոսքն ընդհանուր առմամբ մոտ 200 մլն դրամի վնասի մասին է:
Ինչ վերաբերում է նախկին տնօրենի ձերբակալությանը, ապա Հրանտ Վարդանյանի խոսքերով` ինքն ինտերնետից է իմացել, որ նա ձերբակալված է: «Կարող է վաղն ինձ էլ ձերբակալեն: Ես ոչ մեկի դեմ բողոք չունեմ, մինչեւ չպարզվի` ով է դա արել,-ասել է Հրանտ Վարդանյանը`հավելելով,-Մեքենաներով մտել են, կռանով գողություն են արել: Գողացել են մետաղներ, տարբեր տեսակի, սեւ, գունավոր մետաղներ: Մենք դիմել ենք իրավապահ մարմիններին, որ օգնեն գտնենք: Նա էլ, ով որ հիմա նստած է, մակագրել է, որ գողություն է եղել: Առանց մեր ընկերության աշխատողների ո՞նց կկատարվեր: Հո վերտալյոտով չիջա՞ն, գողացան, տարան»:
Վերջին շրջանում գործարար Հրանտ Վարդանյանը որոշակի դժգոհություն էր հայտնում Հայաստանում իր բիզնեսի հետ կապված: Այս առթիվ «Ա1+»-ը հետաքրքրվել է, թե իրավիճակը փոխվե՞լ է:
«Ես ընդհանուր ոչ մի բանի դեմ չեմ դժգոհել: Իմ գործունեության հետ կապված խնդիրները մեր մեջ են: Կկարողանանք, կաշխատենք, չենք կարողանա, ուրեմն չենք աշխատի»,-ի պատասխան ասել է Հրանտ Վարդանյանը:
Ըստ ոստիկանության մամլո ծառայության՝ գործով այլ կալանավորվածներ չկան:

Տեսանյութեր

Լրահոս