ԱՄՆ-ը Աֆղանստանին ընդգրկել է ոչ ՆԱՏՕ-ի անդամ խոշոր դաշնակիցների մեջ

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն անսպասելի այցով ժամանել է Աֆղանստան: Reuters-ը հաղորդում է, որ նրա ինքնաթռը վայրէջք է կատարել Քաբուլի օդանավակայանում:
Այնտեղից Քլինթոնը մեկնելու է դոնոր-պետությունների հանդիպմանը Տոկիոյում, որտեղ քննարկվելու է Քաբուլին սատարելու հարցը այն բանից հետո, երբ ՆԱՏՕ–ի զինվորական կոնտինգենտի մեծ մասը կհեռանա Աֆղանստանից 2014-ին:
Տեղի են ունեցել բանակցություններ Քլինթոնի և Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի միջև: Դրանց առանցքում Աֆղանստանի ֆինանսական օգնության հարցն է եղել: Դոնոր-երկրներն առաջարկում են տարեկան 4 մլրդ ԱՄՆ դոլարի օգնություն տրամադրել Աֆղանստանին, սակայն այդ երկրի Կենտրոնական բանկը պնդում է, թե հավելյալ 6-7 մլրդ դոլար է հարկավոր:
Քլինթոնի այցին նախորդել էր Աֆղանստանի կարգավիճակի փոփոխությունը. ԱՄՆ-ն այդ երկիրը հայտարարել է «ոչ ՆԱՏՕ-ի անդամ խոշոր դաշնակից»: Նման կարգավիճակ նախկինում տրվել է Իսրայելին ու Եգիպտոսին: Քլինթոնը նկատել է, որ կարգավիճակի այս փոփոխությունը «Աֆղանստանի ապագայով մտահոգ լինելու ուժեղ խորհրդանիշ է»: Նա ասել է նաև. «Մենք նույնիսկ չենք մտածում միայնակ թողնել Աֆղանստանը»:
Զուգահեռ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Աֆղանստանը հանել է այն երկրների ցուցակից, որոնց արգելվում է զենք վաճառել:
Մայիսին անսպասելի այցով Աֆղանստան էր մեկնել Բարաք Օբաման և այնտեղ 7 ժամ անցկացրել:

Տեսանյութեր

Լրահոս