Հալեպը շրջափակման մե՞ջ է
Բրիտանական The Guardian թերթի լրագրող Մարտին Չուլովը, ով մի քանի օր անցկացրել է Սիրիայի հյուսիսում, հայտարարել է, որ երկրի մի շարք սահմանամերձ բնակավայրերում ապստամբների համար «անվտանգության գոտիներ» են ստեղծված:
«Փաստացի, այն բուֆերային գոտի է, չնայած պաշտոնապես այն այդպես չի կոչվում: Թեև այն չի ձգվում սահմանի ողջ երկայնքով, սակայն ապստամբները գիտեն` որտեղ կարելի է թաքնվել հակառակորդից»,- ասել է նա` հավելելով, որ որոշ տեղերից կարելի է անարգել անցնել Թուրքիա:
Նա, միաժամանակ, ասել է, որ սիրիական կառավարական զորքն այդ շրջաններ չի մտնում` սահմանի երկայնքով տեղակայված թուրքական ստորաբաժանումների պատճառով:
Չուլովի խոսքով` Սիրիայի` մեծությամբ երկրորդ քաղաք Հալեպի շրջակայքը գտնվում է շրջափակման մեջ և գրեթե լիովին վերահսկվում ապստամբների կողմից:
«Այնտեղ չկան ոչ ծերեր, ոչ երեխաներ, ոչ կանայք, այնտեղ միայն զենք բռնելուն ընդունակ տղամարդիկ են»,- ասել է նա:
Լրագրողը նաև պատմել է, որ ապստամբների կողմից վերահսկվող շրջանները ենթարկվում են հրետակոծությունների` և’ ցերեկը, և’ գիշերը: