Բաժիններ՝

«Եղիցի լույսը»` «Ոսկե ծիրանի» նոր մրցանակ

Ոսկե ծիրան 9-րդ միջազգային կինոփառատոնն այսուհետ կհանձնի հատուկ մրցանակ, որ կոչվում է Եղիցի լույս: Այն սահմանել է Հայ Առաքելական եկեղեցին, որը կհանձնվի հոգեւոր, մշակութային, մարդասիրական արժեքների եւ համաշխարհային կինոարվեստում բերած նշանակալի ավանդի համար: Արձանիկը պատրաստել է դիզայներ Նուռը: Նա երեկ ներկայացնելով իր աշխատանքը` ասաց, որ մրցանակը պատրաստված է բրոնզից, արծաթից, յաշմայից, օնիքսից եւ ապակուց: Նուռի խոսքով` ինչպես իր բոլոր աշխատանքները, այս արձանիկը եւս հատուկ խորհուրդ ունի: Ըստ Նուռի, արձանի վրայի յուրաքանչյուր գիծ ունի իր քրիստոնեական բացատրությունը: Առաջին սիմվոլը ձուկն է. արձանիկն առաջին հայացքից ձկի է նման, քրիստոնեական հավատքի խորհրդանիշ է: Արձանիկի վրա առկա են նաեւ 3 գնդեր, որոնք սուրբ երրորդության խորհրդանիշերն են, իսկ ամբողջ քանդակն ամրացված է հողի խորհրդանիշ համարվող դարչնագույն քարի վրա: Այս տարի Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնին առաջին անգամ Եղիցի լույսը կհանձնվի ժամանակակից կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին: Ավելի քան 20 վավերագրական ֆիլմերի հեղինակ Ալեքսանդր Սոկուրովը հայտնի է իր խաղարկային ֆիլմերով: Նրա ֆիլմերն արժանացել են Կաննի, Բեռլինի, Լոկառնոյի, Մոսկվայի, Տորոնտոյի, Վենետիկի եւ եվրոպական այլ առաջատար կինոփառատոների մրցանակներին: Ոսկե ծիրան 9-րդ միջազգային կինոփառատոնը Ռետրոսպեկտիվ ծրագրով կներկայացնի Սոկուրովի քառերգություն կազմող ֆիլմերը, մասնավորապես` 20-րդ դարի երեք տիրակալների` Լենինի, Հիտլերի եւ Հիրոհիտոյի մասին պատմող Արեւ, Մողոք, Ցուլ եւ քառերգությունը փակող Ֆաուստ ֆիլմերը:

Լրագրողների հարցին, թե այս տարի կինոփառատոնում կներկայացվե՞ն արդյոք ադրբեջանական ֆիլմեր, Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը պատասխանեց, թե իրենք դեմ չեն լինի ադրբեջանցի ռեժիսորների ֆիլմեր ներկայացնել, առավել եւս, եթե դրանք խնդիրներ չեն առաջացնում մեր մշակույթի, մեր հասարակության շրջանում: Սակայն խնդիրն, ըստ Խաչատրյանի` ոչ թե մեր, այլ Բաքվի հետ է կապված: Չեմ կարծում, որ կհամարձակվեն գալ, ուղղակի նրանք հետո կսարսափեն գնալ Բաքու,- ասաց Հ. Խաչատրյանը` պատճառաբանելով, թե ինչու ադրբեջանցի կինոռեժիսորները չեն մասնակցում Ոսկե ծիրան կինոփառատոնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս