Աչքից զրկված զինվորի հարազատները դժգոհ են պատժաչափից
Էջմիածնից զորակոչված ժամկետային զինծառայող, 18-ամյա Նարեկ Ավետիսյանի ծնողները դժգոհ են Սյունիքի մարզի Գորիսի ընդհանուր իրավասության դատարանի վճռից, որի համաձայն Նարեկին աչքից զրկած ենթասպա Արմեն Թովմասյանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման: Այս մասին ասաց Նարեկ Ավետիսյանի հայրը` Արկադի Ավետիսյանը: Նա նշեց, որ իրենք բողոքարկելու են վճիռը, քանի որ կարծում են, որ ենթասպային ամենամեղմ պատիժն են տվել:
Հիշեցնենք, որ Էջմիածնից զորակոչված ժամկետային զինծառայող, 18-ամյա Նարեկ Ավետիսյանի աչքը շղթայի հարվածով վնասած ենթասպա Արմեն Թովմասյանին Սյունիքի մարզի Գորիսի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել է 3 տարի 6 ամիս ազատազրկման: Սույն հոդվածով առավելագույն պատիժը 7 տարի էր: Արմեն Թովմասյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ վերջինս հանդիսանալով թիվ N զորամասի ճաշարանի պետ-խոհարար հրահանգիչ, 2011թ. դեկտեմբերի 14-ին, ժամը 07.30-ի սահմաններում զորամասի ճաշարանի սրահում մեկ անգամ բռունցքով հարվածել է նույն զորամասի ինժեներա-սակրավորական վաշտի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Ավետիսյանի դեմքի շրջանին, այնուհետեւ մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ քաշել նրան եւ հայհոյելով իր ձեռքին գտնվող երկաթյա շղթայով մեկ անգամ հարվածել է վերջինիս դեմքին` պատճառելով աջ աչքի ծանր մարմնական վնասվածք: