
Քրդերը հրկիզել են Թուրքիայից Իրան մեկնող մեքենաները

Վան-Բայազետ մայրուղում քուրդ զինյալները կանգնեցրել են 10 մեծ ու փոքր բեռնատարներ և մեկ ավտոմեքենա, ապա հրկիզել դրանք:
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, զինյալները նախ մեքենայից իջեցրել են ուղևորներին, ապա այրել մեքենաներն ու օդ կրակել, ապա հեռացել:
Մեքենաների տերերը բավական երկար ժամանակ չեն կարողացել կապվել անվտանգության ծառայությունների հետ կամ հրշեջ ծառայություն կանչել: Նրանց հաջողվել է փախչել` հասնելով մոտակա քաղաքն ու դիմել ոստիկանություն:
Հրշեջները դեպքի վայր են ժամանել միայն առավոտյան, երբ մեքենաներն ամբողջությամբ այրված են եղել:
Տեղի ժանդարմերիան այժմ զբաղված է քուրդ ահաբեկիչներին գտնելու գործով:
Պարզվել է, որ բեռնատարները Մարդինից միրգ են տեղափոխել Իրան: