
Ռուսական զինվորականները Հայաստանի լեռներում փորձարկումներ են անում

Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի կառավարման գումարտակի մասնագետները սկսել են լեռնային պայմաններում փորձարկել զինվորական կապի թվային նոր հանգույցները՝ ԿԱՄԱԶ-43114 ավտոմեքենաների և ԲՏՌ-80 տիպի զրահամեքենաների բազայի վրա: Այս նոր կապի միջոցները փոխարինել են հին անալոգայիններին՝ ռուսական զինված ուժերում զինատեսակների արդիականացման պետական ծրագրի շրջանակներում: Զորավարժությունների ժամանակ փորձարկվում են ինչպես նրանց աշխատունակությունը լեռնային բարդ ռելիեֆի ու եղանակային արագ փոփոխվող պայմանների պարագայում, այնպես էլ կայանների հուսալի սքողման հնարավորությունները՝ հակառակորդի դեմ աննկատ ու ապահով գործելու նպատակով:
Ըստ ռուսական “Ռեգնում” գործակալության՝ նոր սարքավորումների տեղաբաշխման ժամանակամիջոցը կրճատվել է 5 անգամ, իսկ կապի որակն ու հեռավորությունն ավելացել է 2 անգամ: