
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հաջորդ շաբաթ կայցելի տարածաշրջան: Նա Բաքվում կլինի հունիսի 8-9-ին, Թբիլիսիում և Բաթումում` 10-11-ին, իսկ Երևանում` 11-12-ին:
Ինչպես տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը, այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա ղեկավար մարմինների, տարբեր կուսակցությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Նա բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում երեք երկրների արտգործնախարարների հետ կքննարկի ռազմա-քաղաքական, տնտեսական, բնապահպանական ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Զանիերը նաև բոլոր երեք երկրներում մամուլի ասուլիսով հանդես կգա: