Լորան Ֆաբիուս. Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը հազիվ թե վերականգնվի
Reuters գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հազիվ թե Ֆրանսիայում «վերակենդանացվի» Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը, որը փետրվարին մերժվեց Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից:
Դրա հետ մեկտեղ Ֆաբիուսը խուսափել է ուղիղ պատասխանել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին հարցին: 2005 թվականից սկիզբ առած այդ գործընթացը (երբ ԵՄ-ը համաձայնեց իրեն անդամակցելու համար բանակցել Թուրքիայի հետ) փաստացիորեն կանգ է առել Կիպրոսի խնդրի պատճառով:
Փոխարենը Ֆաբիուսը հայտարարել է, որ իրենք դիտարկում են նախորդ կառավարությունից ժառանգած մի շարք հարցեր: Ֆաբիուսն ակնարկել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը դրվելու է հանրաքվեի, ինչպես որ նախատեսված էր սահմանադրական ուղղումներով, որոնք իրենց հերթին կարող են չեղյալ հայտարարվել խորհրդարանի կողմից:
Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդն իր նախընտրական արշավի ժամանակ խոստացել էր, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը տեղի չի ունենա առաջիկա 5 տարում: Ներկայումս Թուրքիայի հետ տարվող բանակցությունների 35 «գլուխներից» 14-ն արգելափակված են, քանի որ Թուրքիան չի ճանաչում Կիպրոսը:
Հիշեցնենք, որ Դավութօղլուն երեկ հայտարարել է, թե Թուրքիան վերացնում է ավելի վաղ Ֆրանսիայի նկատմամբ սահմանած իր այսպես կոչված պատժամիջոցները: