Բաժիններ՝

Համբուրվելն օգտակար է, նամանավանդ՝ Համբույրի օրը

Հուլիսի 6-ը Համբույրի միջազգային օրն է: Այս տոնն ի հայտ է եկել բրիտանական կղզիներում` որպես Համբույրի ազգային տոն, այնուհետ ինտերնետի շնորհիվ տարածվելով` ստացել համաշխարհային կարգավիճակ:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, համաշխարհային գիտության մեջ ստեղծվել է նոր ճյուղ` ֆիլեմատոլոգիա (philematology) պաշտոնական անվանմամբ, որն ուսումնասիրում է մարդկային համբույրի հիմնարար ֆիզիոլոգիական, հոգեբանական ու այլ յուրահատկությունները: Իսկ պաշտոնապես այն ճանաչվել է 2009թ.-ին, Գիտության առաջընթացի ամերիկյան ասոցիացիայի կոնգրեսում (American Association for the Advancement of Science):
Գիտնականները ֆիլեմատոլոգիայի շրջանակներում բազմաթիվ ուսումնասիրություններ են իրականացրել, որոնց ժամանակ, մասնավորապես, պարզվել է, որ ռոմանտիկ համբույրը ոչ միայն հուզական պոռթկում է, այլ ակտիվացնում է մի շարք հորմոնների գործունեությունը: Օրինակ` ապացուցվել է, որ համբուրվող զույգի արյան մեջ կրճատվում է կորտիզոլի մակարդակը, որը սթրեսային վիճակներ է առաջացնում, և ավելանում օքսիտոցինի` «վստահության կամ սիրո հորմոնի» խտությունը:
Պարզվել է նաև, որ համբույրն օգնում է նիհարել: Մասնագետների հաշվարկով` կրքոտ համբույրի 2 րոպեի ընթացքում կարելի է կորցնել 2 կալորիա: Այն նաև դեմքի կնճիռների հիանալի պրոֆիլակտիկա է` գործի է դնում դեմքի մոտ 30 մկան:
Բեռլինի համալսարանի հոգեբանները պարզել են, որ առավոտյան երեք 20 վայրկյանանոց համբույրն կարող է ռոմանտիկ տրամադրությունը պահպանել ողջ օրվա ընթացքում:
Նաև տարբեր տարիքի մոտ 100 զույգի համբուրվելու հետազոտությունները պարզել են, որ իդեալական համբույրի տևողությունը 3 րոպե է: Ցանկալի է, որպեսզի զույգը համբուրվելիս նայի միմյանց աչքերին:
Համբույրի օրն աշխարհի շատ երկրներում անցկացվում են տարբեր մրցույթներ` «ամենագեղեցիկ համբույրը», «ամենաարտասովոր համբույրը», «ամենաերկար համբույրը» և այլն: Այսօր մի շարք երկրների քաղաքների գլխավոր փողոցներ դուրս կգան հազարավոր մարդիկ` համբուրվելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս