Իտալիան դեմ է Սիրիայում լիբիական սցենարի կիրառմանը

Իտալիայի արտգործնախարար Ջուլիո Տերցին դեմ է արտահայտվել Սիրիայում լիբիական սցենարի կիրառմանը՝ ենթադրելով, որ Բաշար Ալ-Ասադի վարչակարգը կորցնում է աջակցությունն ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային թատերաբեմում:
«Լիբիայի գործողությունն անհրաժեշտ էր իրականացնել ցեղասպանությունը կանխելու համար: Սակայն, ուշադրւթյուն. լիբիական գործողությունը ոչ մի կերպ մոդել չէ կրկնության համար»,- հայտարարել է նա իտալական Panorama շաբաթաթերթին տված հարցազրույցում:
Տերցին կարծում է, որ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի գոյության հետհաշվարկն արդեն սկսվել է: «Ասադն այժմ կորցնում է դիրքերն անգամ Սիրիայի իր կողմնակիցների շրջանում, որոնք հասկանում են, որ նա իրենց վնաս է հասցնում»,- ասել է իտալացի նախարարը:
Տերցին նշել է, որ վերջին շրջանում միջագգային թատերաբեմում Ասադի վարչակարգի նկատմամբ վերաբերմունքն ակնհայտորեն փոխվել է, հատկապես՝ թուրքական ռազմական ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո: նախարարը, մասնավորապես, վկայակոչել է Լիբանանում վերջերս ունեցած իր մի քանի հանդիպումները, որոնց ընթացքում իրեն բազմիցս ասել են, որ «Ասադն անցել է անդառնալիության կետը»:
«Այժմ արդեն ռուսներն էլ են փոխել իրենց կարծիքը և աշխատում են զսպել վարչակարգին: Երբ Մոսկվան պաշտոնապես հանդես է գալիս Ասադի դեմ, կարծում եմ, Չինաստանի կողմից ևս դիմադրությունը կդադարեցվի»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս