Մեկնարկել է «Կինոլրագրություն առանց սահմանների» ծրագիրը
«Ոսկե ծիրան» Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, այսօր` հուլիսի 5-ին, մեկնարկել է «Կինոլրագրություն առանց սահմանների» ծրագիրը:
«Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) Արեւելյան գործընկերության ծրագիրը «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի շրջանակներում իրականացնում է «Կինոլրագրություն առանց սահմանների» (ԿԱՍ) դասընթացներ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Բելառուսի, Մոլդովայի եւ Ուկրաինայի կինոլրագրողների, կինոքննադատների եւ լրագրության ուսանողների համար։
Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ դասընթացներն իրականացվում են Եվրոպական Միության Արեւելյան գործընկերության ծրագրի ֆինանսավորմամբ։
«Կինոլրագրություն առանց սահմանների» ծրագիրը ՌԱՍ արեւելյան համագործակցության ծրագրի մի մասն է, որը հովանավորվում է Եվրամիության կողմից եւ իրականացվում է «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի եւ իր գործընկերներ INTERFILM-ի (Ուկրաինա), Պրոմեթեւս կինոարվեստի կենտրոնի (Վրաստան) եւ INTERNEWS-ի (Հայաստան) կողմից:
Մասնակցության հայտեր ներկայացնելու հայտարարությունն արվել է դեռեւս մայիսի 21-ին՝ հունիսի 10-ն ունենալով որպես վերջնաժամկետ։ 19 դիմում է ներկայացվել Հայաստանից, Վրաստանից, Բելառուսից, Մոլդովայից եւ Ուկրաինայից։ Դիմումները դիտարկվել են հայ եւ միջազգային կինոլրագրողներից եւ կինոքննադատներից կազմված հանձնաժողովը։
Եռօրյա պարապմունքները կանցկացվեն Երեւանում հուլիսի 5-8-ին, որից հետո մասնակիցները կշաարունակեն մասնակցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնին (8-15 հուլիս) եւ հնարավորություն կունենան համագործակցել փառատոնի օրաթերթի եւ կայքի հետ՝ գրելով փառատոնի միջոցառումների մասին, այդ թվում՝ անդրադարձ կատարելով «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումին եւ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմին՝ որպես փառատոնի ժամանակ անցկացվող հիմնական տարածաշրջանային կինոարդյունաբերության միջոցառումներ։
Պրոֆեսիոնալ կինոքննադատ Պետեր վան Բուերենը (Նիդեռլանդներ) կներկայացնի կինոլրագրության եւ կինոքննադատության տեսությունը եւ պրակտիկան։ Փառատոնի օրաթերթի խմբագիր Ռոնալդ Ռովերսը (Նիդեռլանդներ) կներկայացնի փառատոնի կինոխոսականներին եւ օրաթերթի աշխատանքին առնչվող տարբեր հարցեր։
Կինոլրագրություն առանց սահմանների (ԿԱՍ) դասընթացների մասնակիցներն են Անի Հարությունյանը, Լիլիթ Պետրոսյանը, Նանե Սահակյանը, Արմեն Շախկյանը, Արթուր Վարդիկյանը (Հայաստան), Ալյոնա Սոյկոն, Մարիա Ժարնիկովան (Բելառուս), Մագդա Գոգոլաշվիլին (Վրաստան), Անաստասյա Կոստիշանուն (Մոլդովա) եւ Օլեգ Շինկարենկոն (Ուկրաինա):