Եվրախորհրդարան. Հայաստանի սահմանների բացումը կիջեցնի կախվածությունը Ռուսաստանից

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել «Արևելյան գործընկերության» վերաբերյալ, որում անդրադարձ է կատարվում նաև Հայաստանին: Ինչպես հաղորդվում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքում, բանաձևում նշվում է, որ ԵՄ-ը պետք է ստեղծի ազատ առևտրի խոր և ընդգրկուն գոտիներ իր արևելյան հարևանների հետ, որպեսզի նպաստի այդ երկրների՝ դեպի ժողովրդավարություն ձգտմանը և կանխի հակամարտություններն այդ տարածաշրջանում:
Բանաձևում նշվում է, որ «ԵՄ-ն արդեն «Արևելյան համագործակցության» երկրների մեծամասնության համար արտահանման հիմնական ուղղությունն է, սակայն Եվրախորհրդարանի պատգամավորներն անհանգստացած են, որ Չինաստանի տնտեսական ներկայությունը տարածաշրջանում աճում է, և որ Ռուսաստանը կարող է խզել ԵՄ-ի և արևելյան գործընկերների առևտրային բանակցությունները, օրինակ՝ նրանց առաջարկելով գազի ավելի ցածր գներ»: Ազատ առևտրի գոտի ստեղծելու համար Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում արևելյան գործընկերներին իրենց ազգային օրենքները համապատասխանեցնել ԵՄ կանոնադրությանը:
Բանաձևը պարունակում է կոնկրետ խորհրդատվություններ՝ ուղղված «Արևելյան գործընկերության» 6 երկրներին՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Բելառուս, Մոլդովա և Ուկրաինա: Այսպես, պատգամավորներին անհանգստացնում են Հայաստանում քաղաքականության և բիզնեսի սերտ կապերը, ոչ թափանցիկ հարկային համակարգը և ներդրողների շահերի թույլ պաշտպանությունը: Նրանք նաև ուշադրություն են դարձրել Լեռնային Ղարաբաղի հետ կապված հայ-ադրբեջանական հակամատությանը և նշել, որ Թուրքիայի հետ հակամարտությունը շարունակում է Հայաստանը պահել տնտեսական մեկուսացման մեջ: «Հայաստանի սահմանների բացումը կօգնի իջեցնել կախվածությունը Ռուսաստանից»,- ասել են խորհրդարանականները:
Ինչ վերաբերպւմ է Ադրբեջանին, Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում նրան դիվերսիֆիկացնել տնտեսությունը՝ նշելով, որ պետության կախվածությունը ածխաջրածիների արտահանումից, ինչը կազմում է երկրի ՀՆԱ կեսը, այն դարձնում է խոցելի: Նրանք նաև կոչ են անում Ադրբեջանի կառավարությանը առավել նպաստավոր բիզնես-միջավայր ձևավորել արտասահմանցի ներդրողների համար:
Բանաձևի՝ Վրաստանին վերաբերող հատվածում խորհրդարանականները նշում են, որ այստեղ ծովահենային ծրագրային ապահովման տարածման ամենաբարձր մակարդակն է արևելյան երկրների մեջ, և կոչ են անում Վրաստանի իշխանություններին լուծել այդ խնդիրը:

Տեսանյութեր

Լրահոս