Բաժիններ՝

Գործարքի գնի մեթոդը` փաթեթով

««Բիզնեսի համար ավելի բարենպաստ եւ թափանցիկ միջավայր ստեղծել, միաժամանակ` չթուլացնել հսկողությունը», առաջնորդվելով այս սկզբունքով` Պետական եկամուտների կոմիտեն վերջին տարիների հետեւողական բարեփոխումներով զգալի առաջընթաց է արձանագրել մաքսային համակարգի` ընթացակարգերի պարզեցումից մինչեւ ձեւակերպումների ժամանակի կրճատման գործընթացներում»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ: ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող` եվրոպական եւ ԱՊՀ երկրներից ներմուծված ապրանքների մաքսային ձեւակերպումներն իրականացվում են Միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատանը, որտեղ շատ արագ են տեղայնացվում կոմիտեում իրականացվող բարեփոխումները:
Ըստ Մաքսատան 2012թ. առաջին 5 ամիսների ցուցանիշների` զգալիորեն ավելացել են ոչ միայն բյուջետային մուտքերն, այլեւ, ընթացակարգերի պարզեցման արդյունքում, ի տարբերություն նախորդ տարիների, մաքսային ձեւակերպումներում ապրանքի մաքսային արժեքի որոշման մեթոդներից գերակշռող է դարձել գործարքի գնի կամ առաջին մեթոդի կիրառումը, ինչն, ըստ ՊԵԿ Միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատան պետ Բորիկ Սարգսյանի, բարեփոխումների` տեխնիկական միջոցների կատարելագործման, մաքսային վարչարարության ուժեղացման, հսկողական գործառույթների ավելի արդյունավետ կիրառման արդյունք է: «Եթե 2011թ. առաջին 5 ամիսների ընթացքում մաքսատանն առաջին մեթոդով ձեւակերպվել է` 1100, ապա 2012թ. նույն ժամանակահատվածում իրականացվել է 1700 գործարք: Ընդհանուր առմամբ, մաքսային արժեքի որոշման մեթոդների ընտրության մոտեցումը փոխվել է. եթե անցած տարի օգտագործվել են միայն առաջին եւ չորրորդ մեթոդներն, ապա 2012թ. բոլոր մեթոդներն էլ կիրառվել են: Միաժամանակ զգալի աճել է բեռնափոխադրումների ծավալը, ինչը, բնականաբար, արտացոլվել է ձեւակերպումների քանակական եւ պետբյուջե գանձվող հարկերի եւ տուրքերի ցուցանիշներում: 22 տոկոսով ավելացել է ներմուծումը, իսկ 33.5 տոկոսով` բյուջետային մուտքերը»,- ասում է նա:
Ընդ որում, մաքսային ձեւակերպումներում գործարքի գնի մեթոդի կամ, ինչպես ընդունված է գործարարների շրջանում անվանել` 87-րդ հոդվածը կիրառվում է, երբ հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերը լիարժեք են եւ արժանահավատ: Հայտարարատու Հովակիմ Բանգոյանը վստահեցնում է, որ փաստաթղթերի ճիշտ ցանկի ներկայացման դեպքում ՊԵԿ-ն ընդառաջում է եւ շատ ավելի հաճախ է 87-րդ հոդվածի կիրառման թույլտվություն տալիս. «Բեռները ձեւակերպվում են գործարքի գնի մեթոդով, ինչն էականորեն հեշտացնում է մեր աշխատանքը, ժամանակ եւ գումար ենք խնայում»: Նշենք, որ Միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատունը գործում է 2001-ից, իսկ մինչ այդ` 1996թ., Հայաստանը միացել էր Միջազգային ճանապարհային փոխադրումների միջազգային կոնվենցիային: Իսկ դա նշանակում է, որ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող, նախապես ապահովագրված ապրանքների մաքսային ձեւակերպումներն այստեղ իրականացվում են բացառապես TIR կոնվենցիայով նախատեսված գրքույկների կիրառմամբ: Մաքսատան պետ Բորիկ Սարգսյանի խոսքով, ձեւակերպումների ընթացքում մաքսավորը գրեթե չի առնչվում հայտարարատուի հետ. բոլոր գործընթացներն իրականացվում են բրոքերների կամ ինքնահայտարարագրման միջոցով: Ըստ ՊԵԿ հաղորդագրության` անհրաժեշտության դեպքում, գործարարներն իրենց մտահոգությունների շուրջ կարող են պարզաբանումներ ստանալ հենց մաքսատան աշխատակիցներից. «Յուրաքանչյուր հարց պարզաբանվում է մանրամասնորեն եւ տեղում անմիջապես լուծում ստանում: Մասնագիտացված մաքսատանը բնորոշ առանձնահատկություններով հայաստանյան կառույցը հայտարարատուներին ներկայանում է արագ եւ որակյալ սպասարկմամբ. եթե նախկինում ձեւակերպումն օրեր էր տեւում, ապա այսօր հաշված րոպեների ընթացքում է կատարվում ամբողջ գործընթացը: Միջազգային ճանապարհային փոխադրումների համակարգում հնարավորինս նվազեցվել են այն դժվարությունները, որոնց կարող են բախվել փոխադրողները»,- վստահեցնում է ՄՃՓ մաքսատան պետը: «ՊԵԿ բարեփոխումները շատ արագ են տեղայնացվում մեր մաքսատանը, սակայն այս ձեռքբերումներով մենք չենք բավարարվում. մեր աշխատանքները շարունակական են` ուղղված սպասարկման կատարելագործմանը եւ արդյունավետության բարձրացմանը»,- նշում է Բ. Սարգսյանը: Ըստ նրա` վերջին ամիսների ցուցանիշները եւ դիտարկումները մեկ անգամ եւս փաստում են, որ գործարարներն արդեն իրենք են շահագրգռված ներկայացնել լիարժեք եւ արժանահավատ փաստաթղթեր, ինչը, նրա հավաստմամբ` ՊԵԿ-բիզնես սերտ համագործակցության արդյունք է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս