
Գտիր տարբերությունը

“Ես կարծում եմ, որ սա մեր անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ իրողություն էր: Որեւէ մի դեպքի հետ համեմատել չի լինի, որովհետեւ մարդը գնացել է իր ժամանակն անցկացնելու, եւ սպասարկողը, ում նաեւ մարդը վճարում է, սպասարկելու փոխարեն` նրան ծեծում է մահվան աստիճան”,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` անդրադառնալով “Հարսնաքար” ռեստորանում դաժան ծեծի արդյունքում զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան դեպքին: Տարիներ առաջ էլ Առագաստ սրճարանում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահի կողմից դաժան ծեծի արդյունքում մահացավ Պողոս Պողոսյանը, ով նույնպես գնացել էր ժամանակ անցկացնելու եւ դրա համար վճարելու: Այսօր կարծիքներ են հնչում, որ եթե Ռ.Քոչարյանի թիկնապահն այդ սպանության համար պատասխանատվության ենթարկվեր, նման երեւույթները չէին կրկնվի: “Նրան սպասարկողները չէին ծեծել: Դա տարբերվում է նաեւ նրանով, որ խնդիրը վերաբերում է բանակի սպային: Զինվոր հասկացողությունը պետք է ավելի մեծ արժեք ունենա մեր հասարակության ցանկացած շերտի համար”,- ի պատասխան այդ դիտարկման` ասել է Գ.Սահակյանը: