Դավիթ Շահնազարյանը դուրս է եկել ՀԱԿ-ից
Դավիթ Շահնազարյանը դուրս է եկել Հայ ազգային կոնգրեսից: Այս մասին նա ասել է այսօր` հուլիսի 5-ին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից ես դուրս եմ եկել ընտրություններից առաջ՝ մարտ ամսին, եւ ընդհանրապես իմ քաղաքական գործունեությունը դադարեցրել եմ ՀԱԿ-ում», – ասել է Շահնազարյանը՝ հրաժարվելով խոսել պատճառների մասին:
«Ընտրությունների արդյունքում Հայաստանում ամբողջովին փոխվեց քաղաքական համակարգի պատկերը: Եթե մինչեւ ընտրություններ Հայաստանում կար երկբեւեռանի քաղաքական համակարգ, որը մի կողմից իշխանությունն էր, մյուս կողմից՝ ՀԱԿ-ը, ապա այսօր այդտեղ տեղի է ունեցել ընդդիմության բեւեռի փոփոխություն, եւ այդ տեղը զբաղեցնում է արդեն «Բարգավաճ Հայաստանը», որը ինքն իրեն համարում է այլընտրանքային եւ բոլոր հիմքերը ունի իրեն այլընտրանքային անվանելու: Երկրորդ՝ ընդդիմության բուրգում եղած քաղաքական ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը», ունի լեգիտիմության նույն աստիճանը, ինչ իշխանությունը կամ գուցե ավելի ցածր, որովհետեւ շատ ավելի համակարգված էր ընտրակաշառքները բաժանում, քան իշխանությունը ներկայացնող Հանրապետական կուսակցությունը»,- նշել է Շահնազարյանը:
Այս ամենից ելնելով Շահնազարյանը եզրակացնում է՝ «այսօր մենք ունենք ոչ լեգիտիմ ընդդիմություն»:
«Մյուս առանձնահատկությունը. ամբողջ այս ընտրական գործընթացի արդյունքում ձեւավորվեց մի մթնոլորտ, որը հնարավորություն տվեց քոչարյանական իշխանության ռուդիմենտներին հրապարակայնորեն հանդես գալ եւ բավական մեծ ամբիցիաներով: Շատ դժվար էր պատկերացնել, որ խորհրդարանական ընտրություններում որեւէ մի կուսակցություն իր ցուցակի երկրորդ տեղում կընդգրկի քոչարյանական ռեժիմի այնպիսի կարկառուն ներկայացուցչի, ինչպիսին Վարդան Օսկանյանն է, եւ այս ընտրությունների արդյունքում, ըստ էության, քաղաքական պատասխանատվությունը ամբողջովին հանվեց քոչարյանական ռեժիմի վրայից գոնե արտաքին քաղաքական առումով: Ի՞նչ ընտրություն կա այսօր. կամ ներկայիս իշխանությունը, որն ուզում է պահպանել այսօրվա վիճակը, եւ հանձինս «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ընտրություն դեպի նախորդ ռեժիմ», – ամփոփել է նա:
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ ՀԱԿ-ից Արամ Զ. Սարգսյանի, Հովհաննես Հովհաննիսյանի հեռանալուց հետո, սրվել են անհամաձայնությունները Դավիթ Շահնազարյան-Լեւոն Տեր-Պետրոսյան տանդեմում ոչ միայն արեւմտյան ու հյուսիսային վեկտորների, այլեւ ներ-ՀԱԿ-ական խնդիրների շուրջ: «Ըստ ՀԱԿ-ի աղբյուրների` նրանց միջեւ «անհասկացողության պատ» է առաջացել ՀԱԿ-ի համամասնական ցուցակի առնչությամբ: Դավիթ Շահնազարյանն անհամաձայնություն է հայտնել Գագիկ Ջհանգիրյանի եւ Սարիբեկ Սուքիասյանի զբաղեցրած տեղերի առնչությամբ, ինչն էլ ՀԱԿ-ում Տեր-Պետրոսյանը հրապարակայնացրել է: Այս փաստը ոմանց կասկածի տեղիք է տվել, թե Տեր-Պետրոսյանը մտածված է դա արել, որ ցույց տա, թե իր հարազատ մարդկանց անգամ ինքը «մերժում»-նեղացնում է ցուցակի «հաշվով», այնպես որ մնացածները ձեն հանելու տեղ չունեն: Բոլոր դեպքերում, տեւական ժամանակ է, ինչ Դավիթ Շահնազարյանը, այսպես ասած, ՀԱԿ-ից «մեկուսացած» կյանք է վարում»,- գրել էր թերթերից մեկը:
Ավելի վաղ եւս տեղեկություններ էին հայտնվել, որ ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը կարող է միանալ ընդդիմադիր դաշտում արեւմտյան կողմնորոշում ունեցող «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ», «Հանրապետություն» կուսակցությունների հավանական միավորմանը: «Բանն այն է, որ Դ. Շահնազարյանը եւս արեւմտյան կողմնորոշում ունի: Որոշ տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ը ցանկանում է համագործակցության մղել արեւմտյան կողմնորոշում ունեցող ուժերին ու գործիչներին»,- գրել էր թերթերից մեկը: