Հաքերային հարձակման են ենթարկվել «Ռադիո Ավրորայի» և «Ռադիո Վանի» կայքերը
Ադրբեջանցի հաքերները երեկ հարձակվել են հայկական երկու առաջատար ՝ «Ավրորա» և «Վան» ռադիոկայանների կայքերի վրա:
«Ավրորա» ռադիոկայանի տնօրեն Միքայել Ջանփոլադյանը տեղեկացրեց, որ իրենց կայքը կոտրվել է ադրբեջանցի հակերների կողմից: Ընդ որում կոտրվել է ոչ միայն կայքը, այլ նաև Facebook-ում ռադիոընկերության էջը, ինչպես նաև էլեկտրոնային փոստը: Ջանփոլադյանը տեղեկացրեց, որ իրենց հաջողվել է վերականգնել էլեկտրոնային փոստը, որտեղ եղել են ադրբեջանական գրառումներ, սակայն ռադիոկայանի կայքը վերականգնելու ուղղությամբ դեռևս աշխատանքներ են տարվում: «Ավրորայի» տնօրենը սա կապեց ադրբեջանցի հակերների կողմից վերջին շրջանում նկատվող ակտիվության, ինչպես նաև լրատվական ոլորտի կայքեր կոտրելու վերաբերյալ նրանց հայտարարության հետ:
«Ռադիո Վանի» լրագրող, բլոգեր Արման Սուլեյմանյանը հսատկեցրեց, որ իրականում ոչ թե իրենց կայքն են կոտրել, քանի որ ըստ նրա, այն լավ պաշտպանված է, այլ նրանց դոմեյն հասցեն, որը տեղադրված է “Արմինկո” ընկերությունում:
Այս պահին ըստ նրա, կայքի այցելուները 70%-ով կարողանում են օգտվել, իսկ 30%-ով՝ ոչ: Ամբողջական վերականգնման համար աշխատանքներ են տարվում:
Արման Սուլեյմանյանը չի կարծում, որ իրենց կայքէջի վրա հարձակումը ինչ-որ հստակ հոդվածների հետ է կապված եղել: «Քանի որ վերջին շրջանում առանձնապես հակաադրբեջանական հոդվածներ չեն եղել, ուղղակի մենք բոլորս շատ լավ գիտենք, թե ինչպես է հովանավորվում հաքերական գործն Ադրբեջանում և որքանով են նրանք ակտիվ»,-ասաց նա:
Նա տեղեկացրեց նաև, որ ադրբեջանական հաքերների խումբը կայքէջին թողել է գրառում: «Շատ չեզոք տեքստ էր, երեք լեզվով գրված՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն: Հերթական հեքիաթն էր, թե հայերը մեղավոր են Ղարաբաղյան պատերազմում. քարոզիչ նպատականեր ունեցող տեքստ էր»,-ասաց նա և ավելացրեց, որ նաև փոխել են ռադիոկայանի հասցեն՝ գրել Բաքու, ինչն էլ հաստատում է , որ հարձակումն արված է նրանց կողմից: «Սա լուրջ սիստեմատիկ աշխատանք է, որը նրանք կատարում են ամեն օր»,- ասաց նա: