Ղարաբաղի հարցն առանձին չի ընդգրկվել ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի օրակարգում

Հայաստանում մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում զգալի առաջընթաց է արձանագրվել նախորդ ընտրությունների համեմատ: Այս մասին, այսօր` հուլիսի 5-ին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 21-րդ տարեկան նստաշրջանում հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ` հայաստանյան ընտրությունների դիտարկման առաքելության ղեկավար Ֆրանսուա Խավիեր դե Դոնեան:
Ըստ ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանի՝ Դոնեան հայտարարել է, թե Հայաստանի խորհրդարանական ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում:
Գեղամյանի խոսքով, Ղարաբաղի հարցն առանձին չի ընդգրկվել ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի օրակարգում: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շոշափվում է զեկույցներից մեկում, որը կներկայացվի ԵԱՀԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ անվտանգության հանձնաժողովի նիստում, այն էլ այլ հակամարտությունների հիշատակման շարքում»,-ասել է նա:
Նշենք, որ այսօր, Մոսկվայում բացվել է ԵԱՀԿ ԽՎ 21-րդ ամենամյա նստաշրջանը, որն իր աշխատանքները կշարունակի մինչեւ հուլիսի 9-ը:

Տեսանյութեր

Լրահոս