
Ուկրաինայում ռուսերենի դեմ բողոքի ցույցերը սաստկանում են

Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից հուլիսի 3-ին ընդունված «Պետական լեզվական քաղաքականության սկզբունքների մասին» օրենքը, որով առաջարկվում է երկրի 13 շրջաններում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալ ռուսերենին, այսօր կրկին Կիևի փողոց է դուրս բերել ընդդիմադիրներին:
«Ուկրաինայի տան» մոտ հավաքված ցուցարարները նախագահ Վիկտոր Յանուկովիչից պահանջում են չստորագրել օրենքը:
Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, օրինագծի հակառակորդներին է միացել նաև WBC վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն: «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման աշխատակիցներն ամբոխը փորձել են ցրել գազ սփռելով:
Այս օրինագծի պատճառով երեկ հրաժարական են տվել Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Լիտվինն ու փոխխոսնակ Նիկոլայ Տոմենկոն, 7 պատգամավոր էլ հացադուլ է սկսել: