Ո՞ւմ կսատարի ՀՀԿ-ն թիվ 1 ընտրատարածքում

Հունիսի 17-ին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դաժան իրադարձությունից հետո հուլիսի 3-ին պատգամավորը հայտարարություն տարածեց ԱԺ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին:
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ պատգամավորի մանդատից հրաժարականը գրավոր ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին, որը դա հրապարակում է ԱԺ առաջիկա նիստում: Եթե հրաժարական ներկայացրած պատգամավորը 15 օրվա ընթացքում ետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ուրեմն՝ համարվում է ընդունված: Այս մասին ԱԺ նախագահը արձանագրություն է կազմում և ուղարկում ՀՀ ԿԸՀ: Տրամաբանորեն, եթե ԱԺ հաջորդ նիստը անցկացվելու է սեպտեմբերի 10-ին, և եթե Ռուբեն Հայրապետյանի հրաժարականն այդ ժամանակ հրապարակվի, ապա կընդունվի սեպտեմբերի 25-ից հետո: Կա նաև երկրորդ տարբերակը, ԱԺ-ն կարող է արտահերթ նիստ հրավիրել և հրապարակել պատգամավորի հրաժարականի որոշումը:
Քանի որ ԱԺ արտահերթ նիստի մասին տեղեկություններ չկան, ենթադրելի է, որ պաշտոնապես Ռուբեն Հայրապետյանը վայր կդնի իր պատգամավորության մանդատը սեպտեմբերի վերջին: Ուստի արդեն քննարկվում են այն հավանական թեկնածուների անուններն, ովքեր կարող են նրան փոխարինել ԱԺ-ում: Ըստ որոշ տեղեկությունների՝ Հանրապետական կուսակցությունը կսատարի մանկավարժական համալսարանի պատմագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գևորգյանին, քանի որ մինչ ԱԺ ընտրությունները ՀՀԿ-ն հայտարարություն էր տարածել և տեղեկացրել, որ Ռուբեն Հայրապետյանը մեծամասնական ընտրակարգով չի մասնակցի ընտրություններին և թիվ 1 ընտրատարածքում նրա փոխարեն կառաջադրվի Էդիկ Գևորգյանը: Սակայն կուսակցության գործադիր մարմինը փոխել էր նախապես ընդունած որոշումը և հայտարարել, որ կառաջադրվի Ռուբեն Հայրապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս