
Իրանը հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ

Իրանը Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել С-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարումները չիրականացնելու համար: Իրանի պաշտպանության նախարարությունը եւ Aerospace Indastries Organisation ընկերությունը 4 միլիարդ դոլարի հայցը ներկայացրել են Ժնեւի միջազգային դատարան:
Ինչպես հաղորդվում է «Ռոսօբոբրոնէքսպորտ» ընկերության տարեկան հաշվետվության մեջ, հայցը ներկայացվել էր դեռեւս 2011 թվականի ապրիլի 13-ին, սակայն դատական քննություն մինչ այժմ չի նշանակվել, հայտնում է rbc-ն:
С-300 զենիթահրթիռային համալիրներն Իրան մատակարարելու պայմանագիրը կնքվել էր 2007 թվականին: Այնուհետեւ դադարեցվել էր Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառման հետեւանքով, որոնք սահմանափակում էին զենքի մատակարարումները:
2010 թվականի հունիսի 9-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն կողմ էր քվեարկել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառմանը` կապված նրա միջուկային ծրագրի հետ: Դրան աջակցել էին նաեւ Ռուսաստանը եւ Չինաստանը, Թեհրանի նկատմամբ խստացվել էր զենքի առեւտրի բեռնարգելքը:
2010 թվականի սեպտեմբերի 22-ին` ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցների ընդունումից հետո, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն իր հրամանագրով արգելել էր Իրանին ցանկացած զինամթերքի մատակարարումը: