Երգիչի կալանքի ժամկետը երկարաձգել են 2 ամսով
Աշտարակ քաղաքի բնակիչ, 37-ամյա Արամ Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող երգիչ Կարեն Հակոբյանի կալանքի ժամկետը Արագածոտնի մարզի ընդհանուր իրավաության դատարանը երկու ամսով երկարաձգել է: Այս մասին տեղեկացրել է Կարեն Հակոբյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը՝ հավելելով, որ ներկա դրությամբ իրենց հետ կապված այլ գործողություններ, նորություններ չկան: Ավելի վաղ Մկրտիչ Վասակյանը արձագանքելով դիտարկմանը, թե վարկածներից մեկի համաձայն, սպանությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա, ասել էր. « Դա այդպես չէ: Իրականում տուժողի հետ անձնական անհաշտությունների, վիճաբանությունների խնդիր է եղել: Նրանց մեջ առաջացած վեճը տղայական դրդապատճառներ է ունեցել: Անհարգալից վերաբերմունք մեկը մյուսի նկատմամբ` տուժողը նրա նկատմամբ: Ոչ էլ պարտք ու պահանջի ինչ-որ հարց է եղել»:
Իսկ հարցին, թե վերջին տարիներում ԱՄՆ-ում իր գործունեությունը ծավալող Կարեն Հակոբյանը ինչո՞ւ էր վերադարձել Հայաստան, փաստաբանը պատասխանել է. «Դե, երկար ժամանակ բացակայել էր իր ընտանիքից: Ինչպես նաեւ իր գործերի հետ կապված: Եկել էր որոշ ժամանակ իր հայրենիք Աշտարակում բնակվելու, իր երեխաների, հարազատների մոտ: Կարոտել էր, ոչ թե հատուկ ԱՄՆ-ից եկել էր, որ այդ հարցերը պարզեր ու գնար»:
Երգիչը նաեւ տեսահոլովակ նկարելու նպատակ է ունեցել: Հարցին, թե նա ընդունե՞լ է իրեն մեղսագրվող արարքը, փաստաբանն արձագանքեց. «Դեռ ինքն էլ է շոկային վիճակում: Ինչ վերաբերում է մեղքն ընդունելուն, ապա կրակելու առումով ընդունել է, իսկ դիտավորության` ոչ, քանի որ տուժողին սպանելու դիտավորություն չի ունեցել: Նա մարդասպան չի, որ գնա մարդ սպանելու: Կատարվածը ակնթարթի տակ է տեղի ունեցել»:
Փաստաբանից նաեւ տեղեկացանք, որ երգիչն ունի 2 մանկահասակ երեխա, ամուսնալուծված չէ: «Նորմալ հայկական ընտանիք է»,- ավելացրել էր Մկրտիչ Վասակյանը:
Հիշեցնենք, որ 37-ամյա Արամ Հովակիմյանի սպանությունը տեղի էր ունեցել մայիսի 8-ին, ժամը 20.30-ի սահմաններում: Սպանության մեջ մեղադրվող երգիչ Ռուբեն Հակոբյանը, ով երգարվեստում հայտնի է Կարեն Հակոբյան անուն ազգանունով, վարկածներից մեկի համաձայն` սպանությունը կատարել է խանդի հողի վրա: Ավելին` կրակել է սպանվածի, ոչ թե ոտքին, այլ` սեռական օրգաններին: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից այն ժամանակ փոխանցել էին, որ նախաքննություն է ընթանում: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 11-ի որոշմամբ 2 ամսով Կարեն Հակոբյանը կալանավորվել էր եւ տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Կարեն Հակոբյանը վերջին տարիներին բնակվում էր ԱՄՆ-ում եւ նոր էր վերադարձել Հայաստան: Նա սպանվածի հետ ազգակցական կապեր է ունեցել: Վերջինս դեռեւս անհայտ պատճառներով զանգել եւ սպառնացել է Կարեն Հակոբյանին, անպատվել, ինչն էլ նրան դրդել է սպանության: