
Ձերբակալվել է Մհեր Սեդրակյանի քրոջ որդին

Երեկ` հուլիսի 4-ի երեկոյան ձերբակալվել է Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանի («Թոխմախի Մհեր») քրոջ որդին` Արման Բադալյանը: Նրան բերման են ենթարկել Կայարանի սրճարաններից մեկից, որի մերձակայքում էլ ապրում է:
Նշենք, որ մամուլում Մհեր Սեդրակյանի քրոջ որդու անունը հաճախ շրջանառվում է հնչեղություն ստացած մի քանի հանցագործությունների հետ կապված: Մասնավորապես, ըստ շրջանառվող տեղեկությունների, նա ակտիվ մասնակցություն է ունեցել 2008 թվականի մարտի 4-ին Կայարանի հրապարակում տեղի ունեցած ծեծկռտուքին, որը շարունակվել էր հացի փռի մոտ եւ հնչած կրակոցներից սպանվել էր Արսեն Գալստյանը:
Այսօր «Հրապարակ» թերթում տեղեկություններ էր հրապարակվել, ըստ որի հունիսի 22-ին նույն համայնքում երկաթուղայինների 9-րդ փողոցում, գտնվող Հացի արտադրամասի մոտ, Սուրեն Զորոյանի սպանության գործում, ով հանցագործ աշխարհի ներկայացուցիչ է եւ հայտնի է «բիճ» մականունով, եւս շրջանառվում է Արման Բադալյանի անունը: