Մեծ զինանոց է հայտնաբերվել Երկրապահների շենքում
Այսօր՝ հուլիսի 3-ին ժամը 09.42-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցի թիվ 20 շենքի տանիքում զինամթերք է հայտնաբերվել. անհրաժեշտ են սակրավորներ: Նշված շենքը «Երկրապահ» կամավորական միության «Կենտրոն» տարածքային բաժանմունքի նախկին շենքն է, որտեղ քանդման աշխատանքներ են կատարվում: Նշված հասցե են ժամանել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբ և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, տեղում են նաև փրկարար ծառայության հատուկ հրշեջ ծառայության աշխատակիցները, ինչպես նաև 1-03 ծառայության շտապօգնության բրիգադը: Ժամանել են նաև պաշտպանության նաարարության և ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները:
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք, այդ թվում հակատանկային ականներ, նռնակներ, պայթուցիչներ, ճայթիչներ, ինչպես նաև քիմիական քողարկիչներ: Մասնագետների կարծիքով` եթե հանկարծ տեղի ունենար պայթյուն, ապա հետևանքները կլինեին ողբերգական: Զենք-զինամթերքի հայտնաբերման վայրի հարևանությամբ գտնվող բնակելի շենքերը, այդ թվում բարձրահարկ շենքերը կփլուզվեին: Փաստի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում և այս պահին հետաքննիչները զննում և արձանագրում են հայտնաբերված ռազմամթերքը: