Վրաստանում ձևավորվեց նոր կառավարության կազմը

Հայտնի է Վրաստանի կառավարության նոր կազմը, որը կգլխավորի Ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին: Ըստ Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեի` ՆԳ նախարարի պաշտոնը կզբաղեցնի Պաշտպանության ներկայիս նախարար Բաչո Ախալայան:
GHN-ի փոխանցմամբ` Պաշտպանության նախարարությունը կգլխավորի Կրթության ներկայիս նախարար Դմիտրի Շաշկինը, իսկ Կրթության նախարարությունը` Խաթիա Դեկանոիձեն (ներկայում նա գլխավորում է Ազգային քննական կենտրոնը):
Փախստականների հարցերով նախարարի պաշտոնում Կոբա Սուբելիանիին կփոխարինի Դալի Խոմերիկին, ով մինչ այդ զբաղեցրել է Աբխազիայի արտագնա կառավարության կրթության ու մշակույթի նախարարի պաշտոնը:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, գործադիր մարմնում ստեղծվել է Զբաղվածության հարցերով նախարարի պաշտոնը: Civil Georgia-ի համաձայն` այն կստանձնի շինարարական ընկերության ղեկավար Պաատա Տրապաիձեն:
Կառավարության մյուս անդամները կպահպանեն իրենց պաշտոնները: Կառավարության կազմն ու ծրագիրը դեռ պետք է հաստատվի խորհրդարանի կողմից, որը սպասվում է այսօր:

Տեսանյութեր

Լրահոս