Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի տարածաշրջանային այցը կմեկնարկի հուլիսի 10-ից: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալության մոսկովյան թղթակցին հայտնել է ռուս համանախագահ Իգոր Պոպովը: Նրա խոսքով` այս անգամ տարածաշրջանային այցը կսկսվի Բաքվից: «Այնուհետ մենք կայցելենք Ստեփանակերտ, ինչից հետո կուղևորվենք Երևան»,- ասել է նա:
Պոպովի խոսքով` այցի շրջանակում իրենք հանդիպումներ կունենան Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների ու արտաքին գործերի նախարարների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն փարիզյան հանդիպման (տեղի էր ունեցել հունիսի 17-ին, ԱԳ նախարարների միջև) արդյունքները, ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների ներկայիս վիճակն ու հեռանկարները: