Փոխգնդապետի կողմից «Հարսնաքարը» պայթեցնելու նյութերը ուղարկվել են ՊՆ

Այսօր՝ հուլիսի 1–ին, գիշերը ժամը 2.15–ի սահմաններում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տնօրեն Հրաչյա Զոհրաբյանը ահազանգել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ մի քաղաքացի ճամպրուկով հանդերձ մտել է ռեստորանային համալիր և սպառնացել, որ այն պայթեցնելու է։
«Հարսնաքար» են ժամանել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ոստիկանության Ավանի բաժանմունքի աշատակիցները:
Մոտ երեք ժամ Ոստիկանության օպերատիվ–քննչական խումբը բանակցություններ է վարել քաղաքացու հետ, ինչի արդյունքում կարողացել են վնասազերծել քաղաքացուն և տեղափոխել Ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Դեպքի վայր են ժամանել նաև Զիված ուժերի ականազերծման կենտրոնի պետ գնդապետ Զալունցը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Փրկարար ուժերի վարչության աշխատակիցները, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև պարամեդիկների խումբը, հրշեջ–փրկարար ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարար ջոկատը և Երևանի փրկարար վարչության Ավանի բաժնի խումբը։ Տեղում էր նաև 1-03 ծառայության բրիգադը։
Օպերատիվ քննչական խումբը պայուսակում հայտնաբերել է 3 հատ 400 գրամ, 2 հատ 200 գրամ, 1 հատ 25 գրամ տրոտիլ, 2 նռնակ, 40 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտ, կրակատար քուղ՝ 8 հատ պայթուցիչներով, արձակման համակարգ, 1 հատ լուսային ազդանշանային հրթիռ, 2 ծալովի դանակ և 1 «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս։
Փաստի առթիվ ՈՔԳՎ Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
«Հարսնաքար» ռեստորանային համալիրը պայթեցնել փորձած քաղաքացին ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ 39–ամյա Վարդան Սամվելյանն է։ Նրա հայրը ոստիկանության գնդապետ Սամվել Սամվելյանն է, ով աշխատում է ՈՔԳՎ–ում, իսկ եղբայրը՝ Արման Սամվելյանը քրեական հետախուզության օպեր լիազոր է։
Վարդան Սամվելյանը ռեստորանային համալիր մուտք է գործել զինվորական համազգեստով և բանակցությունների ողջ ընթացքում սպառնացել է, որ կպայթեցնի ռեստորանային համալիրը։
Եվ ահա քիչ առաջ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին ՀՀ ՊՆ քննչական վարչություն տեղափոխվեց ՊՆ փոխգնդապետ Վարդան Սամվելյանը, ով աշխատում է ՀՀ ՊՆ մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ։
Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում նյութեր էր նախապատրաստվել Վարդան Սամվելյանի նկատմամբ։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանին, կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանին և Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանին, ով օրեր շարունակ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Նա ուժեղ հարվածներից ստացել էր ուղեղի այտուց, իսկ մի կիսագունդը թեքվել է դեպի մյուս կիսագունդը: Հուննիսի 29-ին ժամը 19-ի սահմաններում նա մահացավ: Իսկ երեկ՝ հունիսի 30–ի երեկոյան նշված ռեստորանի մոտ տեղի ունեցավ հիշատակի մոմավառություն, որին մասնակցեցին մի քանի հարյուր քաղաքացիներ։ Մոմավառության ակցիան ավելի ուշ վերածվեց բողոքի ակցիայի, քանի որ մոմավառությանը զուգահեռ ռեստորանային համալիրի ներսում հարսանեկան արարողություն էր ընթանում։

Տեսանյութեր

Լրահոս