«Եթե Հայաստանի հայերն ինձնից վիրավորվել են, ապա նրանք ինձ այլևս չեն լսի». Ժիրինովսկին պատրաստ չէ ներողություն խնդրել Հայաստանի վերաբերյալ արտահայտությունների համար
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին RUSARMINFO-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականներին և ասել, որ ինքը, որպես արևելագետ, կանխատեսում է արել, որը ոչ մի կերպ կապված չէ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ:
Ժիրինովսկին կարծում է, որ ինքն ու իր կուսակցությունը քիչ բան չեն արել Հայաստանի համար վերջին 25 տարում: Նա նաև ասել է, որ չի արձագանքի Հայաստանի վերաբերյալ իր արտահայտությունների համար՝ Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանի` ներողություն խնդրելու կոչերին:
Լրագրողը խնդրել է վերջինիս՝ մեկնաբանել Օլեգ Եսայանի կոչը, որը պահանջում էր Ժիրինովսկուց ներողություն խնդրել:
«Մենք հաճույքով կպահանջենք, որ Հայաստանը հետ կանչի նման դեսպանին: Ես ողջ կյանքս պաշտպանել եմ Հայաստանին: Որտեղի՞ց է նա որոշել, որ ես վատ բան եմ ասել Հայաստանի մասին: Ինձ հարցրեցին Ոստիկանության գնդի գրավման մասին և այն մասին, թե ինչ կարող է կատարվել այդ երկրում: Ես պատասխանեցի, որ նման բան կարող է տեղի ունենալ բոլոր երկրներում` ամենուր նարնջագույն հեղափոխություններ են տեղի ունեցել: Փառք Աստծո, ամեն ինչ ավարտվել է, բոլորը հանձնվել են:
Ժիրինովսկին ի՞նչ կապ ունի: Ե՞ս եմ կազմակերպել այդ ապստամբությունը: 1991թ. ինձ հարցրեցին, թե ում հանձնեն Ղարաբաղը: Ես ողջ աշխարհին ասացի` Հայաստանին: Քաղաքական կուսակցություններից ոչ մեկը չպատասխանեց: Միայն ես»,- ասել է Ժիրինովսկին:
Լրագրողի հարցին, թե հիմա՞ էլ է նույն կերպ մտածում, նա պատասխանել է, որ «չխառնի թեմաները»:
«Տվյալ դեպքում Օլեգ Եսայանը Ղարաբաղի մասին չէր խոսում: Ես ասում էի, որ Հայաստանը փոքր երկիր է, նրա շուրջ լեռներ են, իսկ նման պայմաններում դժվար է զարգացնել տնտեսությունը: Ես նաև ասել եմ, որ հայերի մեծ մասն ապրում է Հայաստանի սահմաններից դուրս: Ես ինչ-որ սո՞ւտ եմ ասել: Բոլորին է հայտնի, որ հայերի մեծ մասն ապրում է Իրանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում:
Ես ասել եմ, որ, եթե Հայաստանում չլինի ռուսական ռազմաբազա, ապա նրան կոչնչացնեն թուրքերն ու ադրբեջանցիները: Ես կանխատեսում եմ արել: Նաև կանխատեսել եմ, որ, եթե Ռուսաստանը չլինի, ապա Սիրիան կոչնչացնեն: Ես Սիրիայի դեսպանի՞ առաջ էլ պետք է ներողություն խնդրեմ:
Ես կանխատեսում եմ արել, իսկ Օլեգ Եսայանն ի վիճակի չէ կանխատեսում անել: Նա մտածում է, որ Հայաստանը շա՞տ թանկ է Ադրբեջանի կամ Թուրքիայի համար: Լրագրողն ինձ հարցրեց, թե ինչ տեղի կունենա, եթե Հայաստանում լինի այլ կառավարություն, և այն հրաժարվի ռուսական ռազմաբազայից: Ես կանխատեսում արեցի` Հայաստանի վերջը կգա…
Թող հզոր, մեծ, բարգավաճ Հայաստանն անձամբ խոսի Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Մենք չենք առարկում»,- ասել է Ժիրինովսկին:
Հարցին, թե արդյո՞ք նրա մտքերը, որոնք հնչել են հաղորդման ժամանակ, համընկնում են Կրեմլի կամ Վլադիմիր Պուտինի հետ, Ժիրինովսկին պատասխանել է, որ ինքը «ոչ Կրեմլն է, ոչ էլ Ռուսաստանի նախագահը»:
«Ես արևելագետ եմ: Ես 50 տարի եմ զբաղվում Կովկասով, Թուրքիայով, Իրանով: Եթե դուք ուժեղ և հզոր երկիր եք, ապա ձեզ անհրաժեշտ չեն ոչ մեկի ռազմական բազաներն ու ոչ ոքի օգնությունը: Եթե Հայաստանին հարկավոր չէ օգնություն, ապա Ռուսաստանը չի միջամտի:
Ես նախագահ չեմ և ՌԴ-ի ԱԳՆ ղեկավարը չեմ: Իմ դիրքորոշումը կուսակցություններից մեկի ղեկավարի դիրքորոշումն է»,- ասել է Ժիրինովսկին` հրաժարվելով պատասխանել Ղարաբաղի վերաբերյալ հարցին:
«Ես այլևս չեմ պատասխանի այդ հարցին: Այլևս մեկնաբանություններ չեմ տա Հայաստանի լրագրողներին: Բոլոր հարցերը լուծեք Վլադիմիր Պուտինի և Սերգեյ Լավրովի հետ: Եթե Հայաստանի հայերն ինձնից վիրավորվել են, ապա նրանք ինձ այլևս չեն լսի»,- խոսքը եզրափակել է Ժիրինովսկին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ռուսական Life հեռուստաալիքի եթերում, պատասխանելով լրագրողի հարցերից մեկին, որը վերաբերել է Հայաստանին, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, թե՝ «թքած Հայաստանի վրա ևս ….»:
Լրագրողը ցանկացել էր պարզել, թե ինչ դիրքորոշում ունի քաղաքական գործիչը Հայաստանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ:
«Այնտեղ պարբերաբար կլինեն ելույթներ: Փոքր երկիր է, լեռնային, սեղմված լեռների միջև, Ադրբեջանի և Թուրքիայի միջև, ո´չ մի հեռանկար, ո’չ մի տնտեսություն: Այնտեղ արդեն 1 միլիոն հայ է մնացել, իսկ աշխարհում կա 6 միլիոն հայ:
Նրանք բոլորն էլ հեռացել են: Լիբանան, Իրան, Ռուսաստան, Ֆրանսիա, Նահանգներ, ողջ աշխարհում ման են գալիս: Այնտեղ ապրելու տեղ չկա` լեռներ են: Բնականաբար, այնտեղ տարբեր խմբավորումներ միմյանց նկատմամբ ստորություններ են անելու»,- հայտարարել է Ժիրինովսկին:
Լրագրողի այն դիտարկմանը, թե Հայաստանում Ռուսաստանն ունի ռազմաբազա, Ժիրինովսկին հետևյալ կերպ է արձագանքել.
«Աստծու սիրուն, կթքեն մեր վրա, դուրս կբերենք բազան… Մեր ոտքերի տակ կընկնեն բազան վերադարձնելու համար: Այդ բազան նրանց փրկությունն է, հակառակ դեպքում նրանց երկու կողմից կջնջեն թուրքերն ու ադրբեջանցիները: Դրա համար էլ Հայաստանի մասին պետք չէ անհանգստանալ:
Նրանք երբեք մեզանից չեն հրաժարվի, քանի որ դա կլինի նրանց վերջը: Ադրբեջանն անմիջապես կգրավի Լեռնային Ղարաբաղը, նրանց թուրքերը կօգնեն: Հայաստանին 300 տարի առաջ Եկատերինա Երկրորդ թագուհին է փրկել»: