«Ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանն ունի գերակա դիրքեր այդ գոտում». լեհ վերլուծաբան

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում դրական առաջընթացի հնարավորություն չի երևակվում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտը` անդրադառնալով ԼՂ հակամարտությանն ու ԵՄ դիրքորոշմանն այս հարցում:

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ քննարկման ժամանակ Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին նշել էր. «Մենք շարունակում ենք պնդել հրադադարի խստորեն պահպանման և խաղաղ գործընթացում առաջ շարժվելու վրա: Մասնավորապես, քաղաքացիական անձանց թիրախավորումը պետք է դադարի: Սակայն ակնհայտորեն մենք չենք կարող համաձայնել ստատուս-քվոյին, և մեր քաղաքական նպատակը պետք է լինի, որ կողմերը վերսկսեն բանակցությունները` հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ»: Նրա խոսքով` ԵՄ-ն աջակցում է համանախագահների կողմից առաջարկված Մադրիդյան սկզբունքների հիման վրա խնդրի կարգավորմանը: Ի լրումն համանախագահների ջանքերի` մի քանի տարի է, ինչ ԵՄ-ն խրախուսում է կողմերի միջև խաղաղ շփումները: «Այսօր այս ջանքերն առավել կարևոր են, քան երբևէ: Հակամարտության կարգավորումը կշարունակի լինել Հայաստանի և Ադրբեջանի՝ որպես գործընկեր երկրների հետ, ԵՄ-ի երկխոսության օրակարգում»,- նշել էր Մոգերինին:

Խոսելով այս մասին, Զաշտովտը նախ՝ նշեց, որ իրականացան իր սպասումներն այն առնչությամբ, որ ԼՂ հակամարտությունը սառեցված հակամարտություն չէ այնպես, ինչպես փորձում էին ներկայացնել մի շարք փորձագետներ: Ավելին, նրա խոսքով, հակամարտությունը դեռ երկար ժամանակ չի կարգավորվի, կամ կարգավորման գործընթացում առաջընթաց տեղի չի ունենա, քանի որ Ռուսաստանն ունի գերակա դիրքեր` այս հակամարտության գոտում հակամարտող երկրների նկատմամբ լծակների շնորհիվ:

«Ռուսաստանին կարգավորումը ձեռնտու չէ, ուստի հակամարտությունը չի կարգավորվի, ես արագ լուծում չեմ տեսնում, քանի դեռ այս լծակները պահպանվում են, և ԵՄ-ն ավելի ակտիվ չէ: Համաձայն եմ այն քննադատություններին, որոնք ուղղվում են ԵՄ-ին այն առնչությամբ, որ ԵՄ-ն իրեն ակտիվ չի դրսևորում ղարաբաղյան հակամարտության գոտում: Պետք է ավելի նախաձեռնողական քաղաքականություն դրսևորել, բայց այստեղ հարց է առաջանում` կցանկանա՞ն արդյոք դա հակամարտող կողմերը»,- ասաց Կոնրադ Զաշտովտը` հիշեցնելով ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի առաջարկն առ այն, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել կողմերին նրանց ցանկության դեպքում: Նրա վստահեցմամբ` ԵՄ-ն դա կանի կողմերի ցանկության դեպքում, բայց այդ մասին ուղերձներ չեն ուղարկվում Բրյուսել: «Այս իրավիճակում ի՞նչ կարող է անել ԵՄ-ն, ում խնդիրները ևս քիչ չեն: Պարզապես ԵՄ-ում հասկանում են, որ լայնածավալ պատերազմը մեծ սպառնալիք է այս տարածաշրջանի համար, և դա թույլ տալ չի կարելի, ուստի կողմերի ցանկության դեպքում ԵՄ-ն կարող է որոշակի դերակատարություն ստանձնել»,- նկատեց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս