«Կան լուրջ հարցեր, որոնց պատասխանները քրեական գործում բացակայում են». Արթուր Սաքունցը՝ Ավետիսյանների սպանության գործի մասին

«Բավական դժվար գործ է, այս դատավարության հետ կապված հանրային ակնկալիքները ոչ թե մեծ են, այլ, կարելի է ասել՝ պեսիմիստական, որովհետև այնուամենայնիվ վստահություն չկա, որ դատաքննության ընթացքում հարցերը, որոնք հուզում են հանրությանը՝ 2015թ. հունվարի 12-ի այդ եղեռնագործության հետ կապված, ստացել են կամ կարող են ստանալ պատասխաններ: Հենց այս դեպքերում է, որ ընդհանրապես քրեական գործի վարման, քննության և դատաքննության սկզբունքներն էական նշանակություն ունեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ավետիսյանների սպանության գործով Արաքսյա Պողոսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան կոմիտեի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Նա նշեց, որ քրեական գործի նախաքննության ընթացքում եղել են խնդիրներ, հարցեր, որոնք, չստանալով պատասխաններ, արդեն իսկ ստվերում էին վստահությունը նախաքննության օբյեկտիվության, բամզակողմանիության և լրիվության նկատմամբ:

Մասնավորապես՝ նա նշեց, որ հայ իրավապահները Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի հետ քննչական գործողություններ իրականացնելու հնարավորություն են ունեցել դեպքից 9 օր անց, միևնույն ժամանակ նա ասաց, որ համաձայն չէ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի այն հայտարարության հետ, թե դա որևէ էական ազդեցություն չի ունեցել գործի քննության օբյեկտիվության վրա:

Արթուր Սաքունցը նշեց, որ իր կարծիքով՝ դա մեծ ազդեցություն է ունեցել: Նրա խոսքով՝ իրավական գնահատականներ պետք է տրվեն ռուս սահմանապահների կողմից Վալերի Պերմյակովին բռնելուց հետո հայկական կողմին չհանձնելու գործողություններին, ինչպես նաև հայկական կողմից համարժեք ջանք չգործադրելու, որպեսզի Վալերի Պերմյակովին հանձնեին հայկական կողմին:

Կարդացեք նաև

Արթուր Սաքունցն ասաց, որ հայկական կողմն,ակնհայտորեն սահմանափակված լինելով ռուսական կողմի ոչ իրավաչափ գործողություններով, սահմանափակված է նաև դատաքննության ընթացքում: Խոսքը գործով դատական նիստն արտագնա՝ ռուսական ռազմաբազայի տարածքում անցկացնելու մասին է, ինչպես նաև նրա, որ դատաքննության ընթացքում ներկա են ռուս ծառայողներ.

«Դրանով հանդերձ արձանագրվում է ռուսական կողմից Ավետիսյանների սպանության գործով դատաքննության նկատմամբ հսկողության իրականացման փաստը և նման պարագայում, երբ դատարանի դահլիճում նստած է և նիստը վարում է ՀՀ դատավորը և նիստի իրականացման համար ոչ պատշաճ պայմանների, խնդիրների լուծմամբ զբաղված են դատական դեպարտամենտի ներկայացուցիչները՝ մի ամբողջ խումբ, ակնհայտորեն խախտում է տեղի ունենում, դատավորի կողմից չպատճառաբանված որոշում է կայացվում խախտումը վերացնելուն ուղղված միջնորդությունը մերժելու մասին, մենք փաստորեն արձանագրում ենք, որ ունենք այդ դատավարության իրականացման հետ կապված երկու հստակ սուբյեկտներ՝ մեկը Հայաստանը, մյուսը՝ Ռուսաստանը, որն իրավական որևիցե ստատսուս կամ կարգավիճակ չունի, բայց մասնակցում է այդ դատավարությանը: Սա ակնհայտորեն անթույլատրելի է»:

Նա նշեց, որ այս դեպքում գործ ունենք ոչ թե ՀՀ դատական իշխանության կախվածությունից Բաղրամյան 26-ից, այլ ռուսական կողմից՝ հանձինս ռուսական բազայի.

«Սա ուղղակի արտառոց է և ըստ էության մենք այս պայմաններում հարցն այսպես ենք ձևակերպում՝ առաջին հերթին դատավոր և ամենայն հանավականությամբ դատավոր նկատմամբ կարգապահական վարույթ կներկայացվի՝ մեր՝ գոյություն ունեցող իրավական միոցներով, երկրորդը՝ դատական դեպարտամենի ղեկավարություն՝ պարոն Փոլադյանը, ով անմիջականորեն ներկա էր և ըստ էության որևիցե քայլ չկատարեցին այդ խնդիրը լուծելու համար (ուզում եմ ասել՝ նույնիսկ առանց այդ միջնորդության պետք է այդ հարցերը լուծվեր), և երրորդը՝ նախագահը: Ճշիտ է՝ ՀՀԿ-ն կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ասում է , որ մենք արդեն նոր Սահմանադրություն ենք ընդունել, բայց գործում է ՀՀ նախագահի պաշտոնը, և այդ պաշտոնը զբաղեցնող անձը Սահմանադրությամբ լիազորություն ունի ապահովելու դատական իշխանության բնականոն գործունեությունը»:

Արթուր Սաքունցն ասաց, որ այդ խնդիրների լուծման պարագայում իրենք գտնում են, որ Վալերի Պերմյակովը շարունակում է գտնվել հսկողության ներքո, ազատ չի լինելու իր պատասխաններում, մոտեցումներում. «Ավելին, խորացնում է այն կասկածները, որ ռուսական կողմը՝ հանձինս իր այս վարքագծի, ակնհայտ ունի թաքցնելու բաներ, և հայկական կողմն, ըստ էության, նաև տուրք է տալիս՝ անտեսելով ՀՀ օրենսդրության պահանջները»:

Արթուր Սաքունցն ասաց, որ միջնորդություն են ներկայացնելու դատական նիստը տեղափոխել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան կամ ՀՀ որևէ դատարանի շենք, որն ամբողջովին գտնվում է ՀՀ իրավապահ մարմինների և դատական իշխանության տիրապետության ներքո:

Նա միևնույն ժամանակ ասաց, որ ակնկալում է քաղաքացիների կողմից ավելի ակտվիություն դատական պրոցեսի նկատմամբ, կներկայացնեն հանրային պահանջ, որովհետև սա ոտնձգություն է բոլորիս նկատմամբ: Նա նշեց, որ սպանության մասով քրեական գործ վարույթը Հայաստանին փոխանցելը տեղի ունեցավ էլեկրաէներգիայի թանկացման ակցիների ֆոնին. «Եթե քո երկրի հասարակությունը պահանջատեր է, ապա հաշվի են նստում: Իսկ այս գործում հանրային պահանջատիրությունը կարևոր երաշխիքներից և գործոններից մեկն է»:

Անդրադառնալով նիստի ընթացքում եղած պայմաններին՝ նա ասաց, որ քրեակատարողական հիմնարկներում մեկ ազատազրկված անձի համար պետք է ապահովվի 4քմ տարածք. «Այդ օրը 4քմ տարածք նույնիսի ապահովված չէր: Այսինքն՝ դրանք անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող պայմաններ էին»: Անդրադառնալով քրեական գործին՝ Արթուր Սաքունցն ասաց. «Կան լուրջ հարցեր, որոնք պատասխանները քրեական գործում բացակայում են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս